«Report.am», 19.01.2010

 FREEDOM HOUSE-Ը ԱՆԱՉԱՌ ՉԷ՞

Մեր երկրում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, լրատվամիջոցների դեմ ճնշումներ կիրառելու օինակները բազմազան են: Հայաստանում լրագրողական դաշտի թերացումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելու, բռնությունների դեպքերի անպատիժ մնալու և դրանց հետևանք` խոսքի ազատության սահմանափակման մասին, սուր քննադատական զեկույցներով արտահայտվում են նաև միջազգային կառույցները, որը սակայն, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, չեն ցանկանում ընդունելիշխանությունները. «Ի՞նչն է հերքում իշխող կուսակցության խոսնակը` ասելով, թե Freedom House-ն անաչառ չէ: Ի՞նչ է, ընտրություները չե՞ն կեղծվել, բռնություներ չե՞ն եղել, ժողովրդավարությունը չի՞ նահանջել: Այս ամենը ներառված է Freedom House-ի զեկույցում, որ մեզ մոտ տարեցտարի նույն վիճակն է, և սա հերքելը նշանակում է, որ իշխող կուսակցությունը չի ուզում տեսնել իրականությունը և «ջայլամի քաղաքականություն է վարում»,- ավելացրեց Մեսրոպ Հարությունյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով կոմիտեի ամենամյա զեկույցը, նշեց, որ 2009 թվականը կարելի է բաժանել երկու տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվել է այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ` 2008 թվականին, իսկ երկրորդըը համեմատաբար հանգիստ ընթացք է ունեցել: Ըստ փորձագետ Մեսրոպ Հարությունյանի` բռնությունների և լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների այլ ձևերի բարձրակետը 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում էր: Ընդհանուր առմամբ նախորդ տարի, ըստ զեկույցում տեղ գտած տվյալների, իրավունքների խախտման ավելի քիչ դեպքեր են արձանագրվել, սակայն Աշոտ Մելիքյանի խոսքով, ընդհանուր իրավիճակն ու միտումները չեն կարող տագնապ չհարուցել: Բանախոսները նշում են, որ զեկույցում բերված տվյալները սպառիչ չեն և չեն հավակնում բացարձակ ճշմարտության: «Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաճախ ձեռնպահ են մնում իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի հրապարակումից, արհամարհում են իրենց հասցեին արված սպառնալիքները կամ նախընտրում են ինքնուրույն հաղթահարել ապօրինի խոչընդոտները»,- ավելացնում է Աշոտ Մելիքյանը: Մասնագետների կարծիքով` 2009 թվականը դատական գործերի առումով ձեռքբերում կարելի էր համարել, սակայն հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգը` այդ միտումները «թույլ չեն տալիս լավատեսորեն նայել ապագային»:

«Արդյո՞ք ներկայացված ընդհանուր ֆոնին լրագրողներն ունեն պարտականություններ, որ հենց իրենք շրջանցում են, ինչը թույլ չի տալիս դաշտի կայացմանը». հարցը գուցե տեղին լիներ, եթե մեր լրագրողները հնարավորություն ունենային գործել ոչ թաքնված գրաքննության պայմաններում (ծառայել վճարողի` ԶԼՄ-ի սեփականատիրոջ, հովանավորողի գաղափարներին): Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցի իրավախախտումների գրեթե բոլոր տարատեսակներում` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություներ, ճնշումներ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ, թաքնված գրաքննություն, շոշափվեց հայաստանյան լրագրողական դաշտում հայտնի ֆոտոլրագրողի անուն-ազգանուն, ինչը կրկին խոսում է լրագրողի կողմից միտումնավոր, կանխամտածված քայլերի և կրկին սպասարկող լրատվամիջոցին գովազդելու մասին:

Իսկ Կոմիտեի փորձագետները փաստում են. «Հեռարձակման ոլորտում լրատվամիջոցները դառնում են քաղաքական համակարգի մաս: Ամեն մի հեռարձակող կարծես արդեն գիտի իր անելիքները` ինչ կարելի է և ինչ չի կարելի: Թերթերի դերն է բարձրանում, բայց նրանց քիչ սպառումը չի կարող ազդեցություն ունենալ»,- հավելում է Աշոտ Մելիքյանը:

«ԶԼՄ-ների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին ԱԺ օրինագիծը, ըստ ոլորտի մասնագետների, ավելի կվատացնի դաշտը, քանի որ իրավունքների առումով ոչինչ չի տալիս, սակայն մեծ սահմանափակումներ է մտցնում:

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Share