Ինչո՞ւ է կառավարությունը հապշտապ գործում

2010 թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Մինչ այդ՝ մայիսի 13-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հավանություն տալ օրինագծին, միաժամանակ՝ այն համարել էր անհետաձգելի եւ ներկայացրել խորհրդարան: Բարեբախտաբար, խորհրդարանում գտնվեցին սթափ դատող գործիչներ, ովքեր հասկացան, որ նման ծավալուն օրինագիծը հնարավոր չէ մեկ օրում քննարկել եւ ընդունել: Այն ընդունվեց առաջին ընթերցմամբ, սակայն երկրորդ ընթերցումը հետաձգվեց՝ կազմակերպելու համար վերոհիշյալ խորհրդարանական լսումները: Խորհրդարանի այս քայլը ողջունելի է, սակայն հույսը, որ լսումներից հետո նախագիծը էական փոփոխությունների կենթարկվի, կարծում եմ, փոքր է:

Մտահոգողը ոչ այնքան այս օրինագծի որակն է (ցանկացած փաստաթղթի նախագիծ էլ սկզբում «հում» է լինում եւ կատարելագործելու տեղ է ունենում. դրա համար էլ քննարկումներ են կազմակերպվում մինչեւ վերջնական տեսքի բերելը), որքան կառավարության աշխատանքի ոճը, որ արդեն երկրորդ անգամ դրսեւորվում է հեռարձակման ոլորտի օրենսդրության նկատմամբ:

Առաջին անգամ նման վերաբերմունքի ականատես եղանք 2008 թվականի սեպտեմբերին, երբ կառավարությունը հավանություն տվեց, ապա եւ՝ հրատապ համարելով խորհրդարան ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով հեռուստառադիոհեռարձական լիցենզավորման մրցույթները  երկու տարով դադարեցվում էին: Ազգային ժողովն այն արագ քննարկեց եւ ընդունեց: Սակայն եթե այդ օրինագիծն ընդամենը մեկ պարբերություն էր, ապա ներկա նախագիծը փոփոխություններ է կատարում գործող օրենքի համարյա բոլոր հոդվածներում: Սա, ըստ էության, նոր օրենք է, որի դրույթներին ծանոթանալու եւ դրանք վերլուծելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ:

Մեր գնահատմամբ կառավարությունն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ազգային ժողովի նկատմամբ, կարծես պատգամավորներին հորդորելով՝ «դուք մի մտածեք այս փաստաթղթի որակի մասին, մենք այդ մասին հոգացել ենք, դուք միայն կողմ քվեարկեք, որովհետեւ ժամանակը խեղդում է»: Եվ կրկին հարց է առաջանում. եթե «ժամանակը խեղդում է», ինչո՞ւ էին ուշացնում նախագիծը, չէ՞ որ կառավարությունն ամբողջ երկու տարի ուներ օրինագիծ մշակելու, այն հասարակական քննարկման դնելու, բոլոր առաջարկությունները լսելու համար: Այս հարցին կառավարության ներկայացուցիչները առայսօր ոչ մի տրամաբանական բացատրություն չեն տվել, եւ օրինագիծն էլ կրում է կառավարության հապշտապ գործելակերպի կնիքը:

Մեր գնահատմամբ կառավարութունը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նաեւ հասարակության նկատմամբ, որի դատին չի հանձնել այս օրինագծի նախնական տարբերակը, չի կազմակերպել քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի՝ հեռուստաընկերությունների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Այս հարցին ի պատասխան, կառավարությունն ասում է, թե հանրային քննարկման է ներկայացրել  Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը: Այնինչ մի բան է հայեցակարգը, մի այլ բան օրենքի նախագիծը: Եվ կարեւորը հենց վերջինն է:

Ներկայացված օրինագծի բոլոր թերություններին մեկ հոդվածի մեջ դժվար է անդրադառնալ, եւ մանրամասն վերլուծություն կկատարենք առաջիկայում: Իսկ առայժմ՝ միայն մի քանի մտահոգող հարցերի մասին:

Նախ՝ թվային հեռարձակման անցնելու անհրաժեշտությամբ հիմնավորվող օրինագծում փոփոխություններ են կատարվել նաեւ դրա հետ բնավ չառնչվող հոդվածներում, սակայն զարմանալիորեն շրջանցվել են ամենակարեւոր խնդիրները: Օրինակ՝ հեռարձակման բանագավառը կարգավորող մարմնի՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախությունն օրենսդրորեն էլ ավելի ամրապնդելը: Այս պահանջը դրվել է նաեւ Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մի շարք բանաձեւերում:

Այնուհետեւ՝ որեւէ ընկերության կողմից արբանյակային հեռարձակում իրականացնելը, ինչպես եւ նախկինում, կախման մեջ է մնացել երկրի տարածքում եթերային հեռարձակման լիցենզիա ունենալուց: Սա անթույլատրելի է, եւ սրա մասին բազմիցս նշել են լրագրողական կազմակերպությունների փորձագետները:

Այս սկզբունքային հարցերին անդրադառնալու փոխարեն, նախագծի հեղինակները, մասնավորապես, փոփոխություններ են կատարել հանրային հեռուստառադիոընկերությանը վերաբերող բաժնում՝ հանելով նրա հաղորդումները գովազդով չընդհատելու արգելքը, ընդհանուր հաղորդումներում գովազդի չափաքանակը՝ 5-ից բարձրացնելով 7 տոկոսի: Սրանցով, ըստ էության, հագուրդ են տալիս հանրային հեռուստաընկերության ախորժակին:

Կատարված որոշ փոփոխություններ էլ խիստ մտահոգության տեղիք են տալիս: Օրինակ՝ նախագծի 58-րդ հոդվածում նախատեսված այն դրույթը, ըստ որի՝ «Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում` նշված պահանջով հայցի ներկայացումը դատարան չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը»: Մեր դատարանների պրակտիկան ցույց է տալիս, որ դատական լսումները կարող են շարունակվել նույնիսկ մեկ-երկու տարի: Եվ այդ ընթացքում պատիժը (ասենք լիցենզիայից զրկելը) գործողության մեջ թողնելը կարող է անվերականգնելի վնասներ պատճառել ընկերություններին:

Վերջապես, անհասկանալի է մնում մարզային հեռուստաընկերությունների ճակատագիրը: Դրանց մեծ մասը կայացած, պրոֆեսիոնալ ընկերություններ են: Եվ եթե այսօր գործող կայաններից ամեն մարզում պիտի մնա միայն մեկը, ապա մյուսների կորուստը անպայման անդրադառնալու է եթերի բազմազանության եւ բազմակարծության վրա: Իսկ բազմազանությունը հասարակության կարեւոր պահանջներից մեկն է:

Մեսրոպ Հարությունյան

ԽԱՊԿ փորձագետ

Share

, , , , ,