«Ա1+»-ը կշարունակի պայքարել եթեր վերադառնալու համար

«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման մռայլ պատմության մեջ կարծես թե արդարության վերականգնման փոքրիկ հույսի շող է նշմարվում: Զգույշ լավատեսության հիմք կարող է լինել երկու հանգամանք: Առաջինը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումի բավարարումն էր՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին ենթակետը («Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավաuու է… նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը՝ առանց բավարարման») ՀՀ Սահամանադրությանը հակասող ճանաչելու մասին: Հենց այդ կետին հղում կատարելով էր ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թվականի փետրվարին մերժել վերանայել ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցով իր 2004 թվականի փետրվարի 23-ի եւ ապրիլի 23-ի որոշումները: Այժմ «Ա1+»-ի հիմնադիրը նույն պահանջով կարող է նորից դիմել ՀՀ վճռաբեկ դատարան՝ նույն հիմքով. «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ ճանաչվել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքի խախտում:

Երկրորդ կարեւոր հանգամանքը. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշեց քննարկել, թե ինչպես են իրականացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, այդ թվում եւ «Ա1+»-ի գործով: Ընդ որում, Նախարարների կոմիտեի համապատասխան հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունը տեղեկացրել է, թե սույն թվականի հուլիսին հայտարարվելու է ռադիոհաճախականությունների օգտագործման լիցենզավորման մրցույթ, որին կարող է մասնակցել նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը: Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինն ընդունել է մի փաստաթուղթ, որով Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ապահովել լիցենզավորման գործընթացի արդյունավետությունն ու  թափանցիկությունը եւ մանրամասն տեղեկացնել մրցույթի ու իրավասու դատական իշխանությունների կողմից «Ա1+»-ի իրավական պաշտպանության միջոցների կիրառման մասին:

«Մելտեքս» ՍՊԸ ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի խոստովանությամբ, իր համար Սահմանադրական դատարանի որոշումն անակնկալ էր, քանի որ անցած 8 տարիներին արդարությունը վերականգնելու եւ «Ա1+»-ը եթեր վերադարձնելու բոլոր փորձերն արդյունք չեն տվել, իսկ Հայաստանի դատական համակարգը՝ ցուցադրել էր իր ողջ սնանկությունը: «Այսուհանդերձ, ՀՀ ՍԴ այդ որոշումը մեզ հնարավորություն է տալիս ուժեղացնելու ճնշումը համապատասխան կառույցների վրա, որպեսզի անպայման անցկացվի մրցույթ մեր մասնակցությամբ, ընդսմին, որպեսզի այն լինի անաչառ եւ թափանցիկ:

Այսուհանդերձ, չնայած դատական համակարգից իր հիասթափությանը, «Ա1+»-ի հիմնադիրը մտադիր է օգտվել ընձեռնված հնարավորությունից եւ նորից դիմել ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով նույն դատարանի՝ 2004 թվականից առ այսօր իր հայցերով ընդունված որոշումները: Ընկերության իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Ըստ Մեսրոպ Մովսեսյանի՝ հնարավոր է, որ այս անգամ էլ ջանքերը սպասված արդյունքը չունենան, սակայն, ինչպես պնդում է նա. «Անցած ճանապարհը կոփել է մեզ, եւ մենք շարունակելու ենք պայքարել եթեր վերադառնալու համար»:

Պետք է խոստովանել, որ Հայաստանի իշխանություններն էլ բավականին կայուն իմունիտետ են ձեռք բերել զանազան միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի բանաձեւերի, հանձնարարականների եւ այլ փաստաթղթերի նկատմամբ: Այդ փաստաթղթերում պարունակող համառ կոչերից ու պահանջներից երբեմն շարքային քաղաքացիներն ամաչում են երկրի համար: Իսկ իշխող վերնախավի «վեջը չի»…

Ահավասիկ՝ «Ա1+»-ի խնդիրը. արդյո՞ք որեւէ բան արվել է ԵԽԽՎ հայտնի թիվ 1609 եւ թիվ 1620 բանաձեւերի դրույթներն իրականացնելու համար: Բացարձակապես ոչինչ: Իսկ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու բարենպաստ պայմաններ ստեղծելու՝ Եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշման պահանջին հետեւեց տրամագծորեն հակառակ քայլը. ՀՀ Ազգային ժողովը լրացում կատարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, որով մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը դադարեցվեց հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը: Ավելին, եվրոպական փորձագետներին Երեւանում հավատացրին, թե օրենսդրական փոփոխությունը թելադրված է անալոգային հեռարձակումից թվայինի անցնելու անհրաժեշտությամբ:

Այն, որ դա բլեֆ է, վերջնականապես պարզ կլինի շատ շուտով՝ այս տարվա հունիսին, երբ կլրանա օրենքի հիշյալ լրացմամբ նախատեսված ժամկետը, իսկ հեռարձակման թվայնացման ուղղությամբ ոչինչ չի արվի, բացի, իհարկե, բավականին կասկածելի մի հայեցակարգի ներկայացումից: Եվ եթե Հայաստանի իշխանությունները հուլիսին, այսուհանդերձ, կատարեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին տված խոստումը եւ հեռարձակման լիցենզավորման մրցույթներ հայտարարեն, ապա կհաստատվեն այն փորձագետների կարծիքները, որոնք հենց սկզբից պնդում էին, որ  մեկը մյուսով պայմանավորված չէ, եւ որ մրցույթների դադարեցումը բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում:

Բայց դա այսօր այնքան էլ կարեւոր չէ: Գլխավորն է, որ «Ա1+»-ի մասնակցությամբ մրցույթը կայանա, եւ դրա արդյունքները հասարակության մեջ կասկածներ չհարուցեն: Սակայն ամբողջ հարցն այն է, թե կցանականա՞ դա, արդյոք, իշխանությունը: Չէ՞ որ այսօր հաճախ են խոսում սպասվող ընտրությունների մասին: Իսկ «Ա1+»-ը եթերազրկվեց հենց 2003 թվականի ընտրություններից մեկ տարի առաջ՝ 2002 թվականի ապրիլին…

ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Share

, , ,