Հայտարարություն (6. 06. 2010)

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներից (26.05.2010թ.) հետո ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել հնչած առաջարկությունների քննարկմանը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, համարելով, որ մինչեւ երկրորդ ընթեցմամբ փաստաթուղթն ընդունելը եւ մինչեւ հուլիսի 20-ը՝ հեռարձակման լիցենզավորման մրցույթների հայտարարման օրը, եղած ժամանակը բավարար չէ լիարժեք եւ համապարփակ օրինագիծ մշակելու համար, ինչպես նաեւ՝ ելնելով մրցույթների կազմակերպիչներին եւ հնարավոր մասնակիցներին ցայտնոտային վիճակի մեջ չդնելու մտահոգությունից, առաջարկում էինք՝

1. ՀՀ ԱԺ-ին երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում թողնել միայն այն դրույթները, որոնք անմիջականորեն առնչվում են հեռարձակման թվայնացմանը եւ հնարավորություն են տալիս 2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարել եւ կազմակերպել պետական շահագործման մուլտիպլեքսներով հեռարձակվելու լիցենզավորման մրցույթներ, իսկ մնացած բոլոր փոփոխությունները եւ լրացումները, որոնք ուղղակիորեն չեն առնչվում թվայնացմանը եւ մրցույթներին՝ հանել նախագծից,

– հրապարակել հեռարձակման հաճախականությունների աուդիտի արդյունքները, որով կհիմնավորվեր, թե ինչու է նախատեսվում պետական շահագործման մուլտիպլեքսների ցանցում ընդամենը 18 հաճախականություններով հեռարձակման  լիցենզավորում,

– նախատեսել դրույթ՝ արբանյակային հեռարձակման վերաբերյալ, այն հաշվով, որ այդպիսի հեռարձակումը կախված չլինի Հայաստանում եթերային հեռարձակման լիցենզիա ունենալուց:

2.  Մշակել Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի լրացումներ, որոնցով պատասխան պիտի տրվեն այն բոլոր հարցերին ու մտահոգություններին, որոնք մեր կազմակերպությունները ներկայացրել են մայիսի 26-ի խորհրդարանական լսումների ժամանակ: Այդ լրացումները կառավարությունը պետք է ընդունի մինչեւ հուլիսի 20-ը:

3. Ազգային ժողովն էլ, ըստ առաջարկված քայլերի հերթականության, ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, պետք է պարտավորություն ստանձներ՝ վեց ամսում մշակելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր, արդի պահանջներին համապատասխանող եւ ոլորտի բոլոր մտահոգիչ ու սկզբունքային խնդիրները կարգավորող նախագիծ, որպեսզի 2011 թվականի հունվարից լիցենզավորված հեռուստաընկերություններն աշխատեն արդեն նորացված օրենսդրական միջավայրում:

Այս ամենի հետ մենք ներկայացրել էինք օրինագծում փոփոխություններ առաջարկող 20 կետից բաղկացած մի փաստաթուղթ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ս.թ. հունիսի 3-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարարը եւ միջգերատեսչական հանձնաժողովի մի քանի այլ անդամներ վստահեցրին, թե ընդունել են մեր կազմակերպությունների անունից առաջարկած գործողությունների պլանը (համենայն դեպս՝ հանձնաժողովի իրավասությանը վերաբերող առաջին երկու կետերը) եւ մեր, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկությունների մի մասը:

Այդ քննարկումից երկու օր անց մենք ստացել ենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների ամփոփաթերթը եւ երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագիծը:

Հիշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միջգերատեսչական հանձնաժողովը խախտել է պայմանավորվածություների հենց առաջին կետը, այն է՝ փոփոխությունները պետք է վերաբերեն միայն այն դրույթներին, որոնք ապահովում են հեռարձակման թվայնացումը եւ հնարավորություն են տալիս կազմակերպել եւ անցկացնել լիցենզավորման մրցույթներ:

Մենք փաստում ենք, որ մի քանի առաջարկություներ ընդունելով, միջգերատեսչական հանձնաժողովը ոչ մի զիջման չի գնացել մեզ համար սկզբունքային այլ հարցերում.  օրինագծից չեն հանվել թվայնացման եւ մրցույթների անցկացման հետ որեւէ կապ չունեցող փոփոխությունները: Մասնավորապես, չնայած մեր բազմաթիվ պնդումներին ու հիմնավորումներին, նախագծում չի վերականգնվել հանրային հեռուստառադիոընկերության գովազդի սահմանափակումը (հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը) եւ պահպանվել է գովազդի ծավալը 5-ից 7 տոկոս դարձնելու դրույթը: Ավելին՝ ներմուծված է ըստ էության հակասահամանադրական դրույթ. օրենքի նախագծի 35 հոդվածի 1 մասը խմբագրվել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը դուրս է մնում որեւէ կարգավորումից եւ վերահսկողությունից: Չեն հրապարակվել աուդիտի արդյունքները, չի պարզեցվել արբանյակային հեռարձակման իրավունքի տրամադրումը: Պահպանվել են նաեւ նախագծի անընդունելի ձեւաչափը, (երբ փաստաթղթից չի երեւում, թե ինչ փոփոխություններ են կատարված),  եւ ԱԺ-ում օրինագիծը քննարկելու հրատապության ռեժիմը:

Վերոհիշյալ երկու հիմնական պայմանավորվածությունների խախտումը մեզ հիմք է տալիս խիստ կասկած հայտնելու էկոնոմիկայի նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի` խոստումները կատարելու եւ կառուցողական համագործակցության պատրաստակամության եւ ընդունակության վրա: Հերթական անգամ մեր կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ նրանց ներկայացուցիչների ծախսած ժամանակը, աշխատանքը, միջոցները չտվեցին համարժեք արդյունք: Իսկ օրինագծի hանրային քննարկումը մասամբ վերածվեց իմիտացիայի, որի միակ նպատակն էր ժամանակ ձգել, եւ ժամանակին մրցույթներն անցկացնելու պատրվակով հապշտապ անցկացնել անորակ եւ հեռարձակման ոլորտի զարգացմանը անուղղելի վնաս հասցնող օրենքը:

Ելնելով վերոգրյալից՝ մենք մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում օրինագծի նախաձեռնողների եւ հեղինակների աշխատանքից, հայտարարում ենք, որ հավանություն չենք տալիս երկրորդ ընթերցման ներկայացված նախագծին եւ կոչ ենք անում`

ա) ՀՀ ազգային ժողովին` չքննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հիշյալ օրինագիծը՝ մինչեւ այն չներկայացվի պայմանավորված ձեւաչափով ու բովանդակությամբ:

բ) միջազգային կառույցներին` հեռարձակման թվայնացման գործընթացում որեւէ աջակցություն չցուցաբերել ՀՀ կառավարությանը` մինչեւ վերջինս չներկայացնի փոփոխված նախագիծ եւ չապացուցի, որ ունակ է արդյունավետ օգտագործել աջակցությունը:

Մենք դարձյալ հայտնում ենք կառուցողական համագործակցության (մասնավորապես՝ թվայնացման հայեցակարգի լրացումների մշակման գործում) մեր պատրաստակամությունը, սակայն այդ համագործակցությունն իմաստ կունենա միայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտելու դեպքում:

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Լրատվամիջոցների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բաց հասարակության ինստիտուտ

06 հունիսի 2010թ.


«Հեռուստատեսության և ռադիոյի մասին»

 

ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

մեկնաբանություններ

1. Նախագծում պարզ չեն սահմանվում եւ տարանջատվում թվային հեռարձակում իրականացնող կամ հեռարձակում ապահովող սուբյեկտների կարգավիճակը, նրանց  գործունեության կարգավորումը, ինչպես նաեւ՝ այդ սուբյեկտների միջեւ ծագող իրավահարաբերությունների կարգավորման մեխանիզմները։ Մասնավորապես, հայտնի է, որ թվայնացումն իր հետ բերում է նոր դերակատարներ, օրինակ՝ ցանցի օպերատոր, մուլտիպլեքս օպերատոր եւ բովանդակություն ապահովող հեռուստառադիոընկերություն, ընդ որում, առաջին երկուսի գործառույթները կարող են իրականացվել միաժամանակ մեկ անձի կողմից։

Բացի այդ, նախագծի հեղինակները խուսափել են սահմանել պետությունից բացի հեռարձակում ապահովող «ցանցային օպերատոր» հասկացությունը։ Նշված չէ նաեւ, թե հետագայում որ մարմինն է լիազորված լինելու կարգավորելու այդ օպերատորների գործունեությունը։

2. Համաձայն նախագծի 7-րդ հոդվածի առաջին կետի՝  «Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա»: Այս առումով, անհասկանալի է, թե այս նորմը վերոհիշյալ թվային հեռարձակումն ապահովող սուբյեկտներից, որի՞ վրա է տարածվում (այս հարցն առավել արդիական է դառնալու ամբողջապես թվային հեռարձակմանն անցնելուց հետո)։ Նախագծի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «հեռուստառադիոհեռարձակումը՝ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների եւ (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի…»։ Թվային հեռարձակման պայմաններում ենթադրվում է, որ վերոհիշյալ գործառույթը պետք է իրականացվի ոչ թե հեռուստառադիոընկերության, այսինքն՝ բովանդակությունն ապահովող սուբյեկտի, այլ հենց՝ մուլտիպլեքսի կողմից։

Այս առումով նախագծում, ինչպես նաեւ Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգում հստակեցված եւ տարանջատված չեն թվային հեռարձակման հիմնական մասնակիցների գործառույթները, ավելին՝ դրանք շփոթության տեղիք են տալիս։ Բացի այդ, նախագծում կոնկրետ սահմանված չեն մուլտիպլեքսների, ցանցային օպերատորների եւ հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման սկզբունքները։

3. Նախագծի 47-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում թվային ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնելու 18 հեռուստաընկերություններ։ Պարզ չէ, թե ինչով է պայմանավորված եւ ինչպես է հիմնավորվում հեռուստառադիոընկերությունների թվի կրճատումը։

Նման թվի սահմանումը կարող է հիմնավորված լինել միայն հեռարձակման հաճախականությունների աուդիտի արդյունքներով։ Օբյեկտիվ եւ թափանցիկ աուդիտի անցկացման անհրաժեշտության մասին նշել են նաեւ մի շարք միջազգային փորձագետներ։ Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, ՀՀ-ում անցակացվել է նման աուդիտ։ Սակայն մինչ այժմ վերոնշյալ աուդիտի արդյունքները հրապարակված չեն եւ հասկանալի չէ դրանց չհրապարակելու պատճառը ։

Հատկանշական է ԵԽ նախարարների կոմիտեի (2003)9 Հանձնարարականը[1], որում նշված է, որ թվային հեռարձակման համակարգին անցումը չպետք է կիրառվի բազմազանության աստիճանը նվազեցնելու հաշվին։

Ընդ որում, եթե պետությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի թվային առավել լայն ցանց կառուցելու համար, որում կգործեն ավելի մեծ թվով հեռուստաընկերություններ, ապա ինչո՞վ՝ է բացատրվում այն հանգամանքը, որ նախագծի անցումային դրույթներում իրավաբանական անձանց կողմից մասնավոր ցանց ստեղծելու հնարավորությունն ընձեռնվում է միայն 2015 թվականից հետո, այն էլ հետեւյալ ձեւակերպմամբ՝ «2015 թվականի հունվարի 1-ից իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով կարող են սահմանվել մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները, որն իրականացվում է Ազգային հանձնաժողովի կողմից»։ Բացի այդ, հատկանշական է, որ նման ցանցեր արդեն արդյունավետ կերպով գործում են, եւ փաստորեն նախագծից պարզ չէ  դրանց հետագա ճակատագիրը։

4. Անհերքելի է, որ հեռարձակումը պետք է ենթակա լինի կարգավորման:  Սակայն, եթե անալոգային հեռարձակման, ինչպես նաեւ պետական մուլտիպլեքսների պարագայում բարդ ընթացակարգով եւ մրցույթով լիցենզիայի տրամադրումը պարտադիր է, քանի որ գործ ունենք սահմանափակ հանրային ռեսուրսի հետ, ապա հետագայում հեռուստառադիոընկերություններին հեռարձակման իրավունք պետք է  տրամադրվի պարզ ընթացակարգով,  ինչը նրանց հնարավորություն կտա հաղորդումներ պատրաստել, հեռարձակել եւ վերահեռարձակել:  Լիցենզավորված հեռուստառադիոընկերությունները իրենք կորոշեն հեռարձակման ձեւը (կմտնեն մասնավոր մուլտիպլե՞քս, թե՞ կիրականացնեն կաբելային կամ արբանյակային հեռարձակում): Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ նախագծով սահմանափակվում են տրամադրվող հեռարձակման լիցենզիաների թիվը եւ ներկայումս գործող որոշ հեռուստաընկերություններ մոտակա ժամանակներում կզրկվեն հեռարձակման իրավունքից, ապա թվային հեռարձակման մասնավոր ցանցից օգտվող ընկերություններին առավելագույնս շուտ պետք է ընձեռնվի հեռարձակման իրավունքի ձեռք բերելու հնարավորություն։

5. Չնայած Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգում նկարագրվում են թվային հեռարձակման ազդանշանի մի քանի ստանդարտներ, այնուամենայնիվ դրանում չի նշվում թե կոնկրետ, որ ստանդարտն(ներ) է(են) կիրառվելու ՀՀ-ում։ Ուստի այդ ստանդարտի(ների) ընտրությունը պետք է հստակեցվի, ինչպես նաեւ պատշաճ կերպով հիմնավորվի։

6. Օրինագծի 58-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է. «Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում` նշված պահանջով հայցի ներկայացումը դատարան չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը»: 61-րդ հոդվածում էլ նախատեսվում է, որ լիցենզիայից զրկելու դեպքում ՀՌԱՀ-ը հայտարարում է նոր մրցույթ եւ հաղթողին տալիս թվային ցանցով եթերային հեռարձակում իրականանցնելու նոր լիցենզիա՝ ուժը կորցրած համարված լիցենզիայի ժամկետով: Ստացվում է, որ լիցենզիայից զրկված ընկերությունը եթեր չի կարող դուրս գալ մինչեւ դատարանի վճիռ կայացնելը, իսկ նրա տեղը կզբաղեցնի մեկ այլ հեռարձակող: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ կամ երկու տարի ձգվող դատական լսումների արդյունքում  դատարանը լիցենզիայից զրկելը համարի անհիմն:

Առաջարկում ենք, նախ՝  սահմանել, որ  քանի դեռ բողոքը քննվում է դատարանում, ՀՌԱՀ-ի որոշումն ի կատար չի ածվում, երկրորդ՝ հավասարության սկզբունքը պահպանելու համար, սահմանել, որ եթե լրացուցիչ մրցույթ է հայտարարվում, ապա նոր հեռարձակողը լիցենզավորվում է 10 տարի ժամկետով:

7.  Ինչպես նշվեց վերեւում, հաշվի առնելով, որ տվյալ նախագծով սահմանափակվում են տրամադրվող հեռարձակման լիցենզիաների թիվը, եւ ներկայումս գործող որոշ հեռուստաընկերություններ ապագայում կզրկվեն հեռարձակման իրավունքից, ապա արբանյակային հեռարձակման դերն ավելի է կարեւորվում։

Համաձայն նախագծի 23-րդ հոդվածի ՝ «Հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում»: Նախագծով պարզ սահմանված չի այն անձանց շրջանակը, որոնք կարող են իրականացնել արբանյակային հեռարձակում։ Այնուամենայնիվ, եթե վերլուծության ենթարկենք նախագիծը, կստանանք հետեւյալ պատկերը.  ըստ նախագծի 3-րդ հոդվածի հեռուստառադիոընկերություն կարող է համարվել այն իրավաբանական անձը, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր եւ պատասխանատվություն է կրում օրենքի եւ իրավական այլ ակտերի կատարման համար։ Նույն նախագծի, ինչպես նաեւ գործող օրենսդրության համաձայն, հեռարձակում կամ վերահեռարձակում կարող է իրականացվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Փաստորեն, նախագծի 23-րդ հոդվածից բխում է, որ արբանյակային հեռարձակումը կարող են իրականացնել միայն լիցենզավորված հեռուստաընկերությունները, ինչն իրականում խոսքի ազատության սահմանափակում է։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ արբանյակային հեռարձակում կարող է իրականացնել ցանկացած մասնավոր ընկերություն, եւ դրա համար անհրաժեշտ է սահմանել հեռարձակման իրավունքի տրամադրման պարզ ընթացակարգ։

8. Համաձայն նախագծի 18-րդ հոդվածի՝ «Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստաընկերության եւ (կամ) մեկ ռադիոընկերության լիցենզիա»: Այս առումով, տվյալ սահմանափակումը անհրաժեշտ է տարածել նաեւ այդ իրավաբանական անձանց հետ փոխկապակցվածների օրինակ՝ նրանց դուստր ընկերությունների վրա։

9. Նախագծում որեւէ նշում չկա  տարածաշրջանային հեռուստաընկերությունների եւ դրանց լիցենզավորման մասին, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ենթադրվում է, որ մինչեւ հեռարձակման մասնավոր ցանցերի ներդրումը տարածաշրջանային հեռուստաընկերությունները, բացառությամբ նրանց, որոնք կհեռարձակվեն նախագծով նախատեսված համապետական ցանցով, կդադարեցնեն իրենց գործունեությունը։ ԵԽ նախարարների կոմիտեի (2003)9 Հանձնարարականի հավելվածում ասված է. «Հաշվի առնելով, որ անալոգային եւ թվային հեռարձակումների զուգակցումը ծախսատար է, անդամ երկրները պետք է հնարավորություններ ստեղծեն թվային հեռարձակմանն արագ անցնելու համար՝ ապահովելով հանրության, ինչպես նաեւ բոլոր տեսակի հեռարձակողների, մասնավորապես ոչ առեւտրային եւ տարածաշրջանային հեռարձակողների շահերը (…) »։

10. Նախագծով հանվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքի 48-րդ հոդվածով ՀՌԱՀ-ին ներկայացվող պահանջը, որի համաձայն՝ ՀՌԱՀ-ը «ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ,  հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը»։ Այս նորմը պետք է պահպանվի, քանզի դրա բացակայությամբ հեռարձակողների լիցենզավորման պայմանները, մուլտիպլեքսների թիվը, հեռարձակման ցանցի իրական հնարավորությունները մնում են չբացահայտված, եւ դրա հրապարակայնացումը կախված է ՀՌԱՀ-ի կամ այլ պետական մարմինների հայեցողությունից։

11. Ինչպես արդեն նշվեց, համաձայն նախագծի անցումային դրույթների՝ «2015 թվականի հունվարի 1-ից իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով կարող են սահմանվել մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները, որն իրականացվում է Ազգային հանձնաժողովի կողմից»։ Նման ձեւակերպումը արդարացված չէ, քանզի մրցույթների հայտարարումը ոչ թե պետք է թողնվի ՀՌԱՀ-ի հայեցողությանը, այլ սահմանվի իբրեւ նրա ուղղակի պարտականություն։ Ուստի առաջարկում ենք նախագծով նախատեսել, որ հեռարձակման հայտերի առկայության դեպքում ազատ հաճախականությունների համար պետք է անցկացվեն մրցույթներ։

12. Նախագծում կամ Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգում նշված չեն նույն հայեցակարգով նախատեսված սոցիալական փաթեթի ձեւավորման սկզբունքները: Մասնավորապես, հասկանալի չէ, թե արդյոք թվային հեռարձակման ցանցում ներգրավված 18 հեռուստաընկերությունները հանդիսանու՞մ են սոցիալական փաթեթի մաս, կամ՝ արդյո՞ք դրանք մնալու են այդ փաթեթում նաեւ 2015 թվականից հետո։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ձեւավորվելու այդ փաթեթը 2015 թվականից հետո։ Մեր պատկերացմամբ, հաշվի առնելով, որ 2015 թ-ից հետո շուկա կարող են մուտք գործել նոր մասնավոր եւ հանրային հեռուստաալիքներ, ապա անհրաժեշտ կլինի ձեւավորել նոր սոցիալական փաթեթ, որի ձեւավորման կարգը պետք է նկարագրվի նախագծում կամ այլ պաշտոնական փաստաթղթերում (օրինակ՝ կառավարության որոշում, հայեցակարգ եւ այլն)։

13. Հայեցակարգում պետք է նշված լինի, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարեն հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները, ինչպես նաեւ՝ հստակեցված լինի այդ ներդրումների կառուցվածքը։

14. Անհասկանլի է, թե ինչպես են համադրվում Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ-ի ուսումնասիրության արդյունքները եւ օրինագծով սահմանվող հեռուստաընկերությունների թեմատիկ ուղղվածությունները։ Ընդհանուր առմամբ, նման թեմատիկ ուղղվածությունների սահմանումը պահանջում է շատ ավելի խորը հետազոտություններ, որոնք օրինագծի հեղինակների կողմից ներկայացված չեն։ Հետեւաբար, օրինագծի համապատասխան դրույթները հիմնավորված չեն կարող համարվել։

15. Օրինագծից հստակ չի երեւում՝ այն կարգավորում է միայն թվայնացմա՞ն հետ կապված գործընթացները, թե՞ նպատակ ունի բարելավել հեռարձակումը կարգավորող օրենսդրությունն ընդհանրապես։ Եթե առաջինն է, ապա պարզ չէ, օրինակ, թե հեռարձակման թվայնացմանն ինչ առնչություն ունի հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդին ներկայացվող սահմանափակումների վերանայումը։ Իսկ, եթե երկրորդն է, ապա անհասկանալի է, թե ինչու օրինագիծը չի անդրադառնում առավել կարեւոր խնդիրների, ինչպիսիք են, օրինակ, ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության բարձրացումը:

16. Նախագծի, ինչպես նաեւ գործող օրենսդրության ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը գտնվում է ՀՌԱՀ-ի կարգավորման  ներքո։ Այսպես, համաձայն նախագծի 35-րդ հոդվածի առաջին մասի՝ «Ազգային հանձնաժողովը կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում` Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը։» Սակայն նախագծում սահմանված չեն այն կոնկրետ մեխանիզմները, որոնց միջոցով ՀՌԱՀ-ը պետք է վերահսկի Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը։ Չկա հստակ տարանջատում ՀՌԱՀ-ի կողմից մասնավոր եւ հանրային հեռուստառադիոընկերությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության մեխանիզմների միջեւ։ Բացի այդ, պարզ չէ, թե արդյոք տվյալ պայմաններում ՀՌԱՀ-ը իրավասու՞ է, օրինակ, հանրային հեռուստառդիոընկերության  կողմից խախտում թույլ տալու դեպքում նախազգուշացնել նրան, կասեցնել նրա ծրագրերի հեռարձակումը, կամ կիրառել նախագծով նախատեսված այլ պատժամիջոցներ։

17. Թվայնացման գործընթացն իր մեջ պարունակում է բազմազանության համար որոշ վտանգներ: Ենթադրվում է, որ դրան զուգահեռ պետք է բարձրանա հեռարձակումը կարգավորող մարմնի դերը եւ համապատասխանաբար ամրապնդվեն դրա անկախության երաշխիքները։ Նախագծում չեն սահմանվում լրացուցիչ մեխանիզմներ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախությունն ապահովելու համար։ ՀՌԱՀ-ի անդամների նշանակման ներկայիս կարգի համաձայն, նրանց կեսը նշանակվում է ՀՀ Նախագահի, իսկ մյուս կեսը՝ ընտրվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, ինչը չի կարող ապահովել ՀՌԱՀ-ի կազմի հասարակական բազմազանությունը։ Վերջինիս անհրաժեշտության մասին նշվել է Հայաստանին վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում ԵԽԽՎ 1532(2007), 1609 (2008), 1620 (2008), 1643 (2008), 1677 (2009)։բանաձեւերում։

18. Ենթադրվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատված «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի «Մելտքես» ՍՊԸ-ի՝ տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու իրավունքի խախտումը վերականգնելու համար։ Սակայն մինչ այսօր այդպիսի քայլեր չեն ձեռնարկվել, եւ տվյալ նախագծում նման դրույթները կրկին բացակայում են։ Հակառակը՝ նախատեսելով հեռարձակման լիցենզիաների որոշակի քանակ, նախագիծն ավելի է սահմանափակում «Ա1+» հեռուստաընկերության կողմից հեռարձակման լիցենզիա ստանալու հավանականությունը։

19. Նախագծում բացակայում է  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված դրույթը, ըստ որի «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները և ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը:» Այս նորմը պետք է պարտադիր կերպով վերականգնվի նախագծում, քանզի Ազգային հանձնաժողովի կողմից արտոնագիր տալու ընթացակարգի թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ արտոնագիր տալը մերժելու որոշումները պատշաճ հիմնավորելու պահանջի մասին վկայակոչվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատված «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի «Մելտքես» ՍՊԸ-ի գործով դատական որոշման մեջ։ Նման նորմի բացակայությունը հակասում է վերոնշյալ դատական որոշմանը, եւ նվազեցնում ՀՌԱՀ-ի գործունեության առանց այն էլ  ոչ բավարար թափանցիկությունը։

20. Նախագծում կամ Հայեցակարգում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ դրանցով նախատեսված նորմերը չեն անդրադառնում ինտերնետային հեռարձակման կարգավորմանը։

 


[1]ԵԽ Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված թիվ Rec (2003)9 հանձնարարականը` թվային հեռարձակման ժողովրդավարական եւ սոցիալական մասնակցությունը խթանելու միջոցառումներիվերաբերյալ

Share

, ,