«NEWS.am», 09.02.2011

2010-ին ավելի քիչ լրագրող է բռնության ենթարկվելսակայն ավելացել ենլրագրողներին ճնշելու դեպքերըՓորձագետ

Նախորդ տարի՝  2010 թվականին, 2009 թվականի  համեմատ  նվազել է լրագրողների նկատմամբ  ֆիզիկական բռնությունների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 9-ին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Կոմիտեի տարեկան զեկույցը: Ըստ զեկույցի՝ եթե 2009-ին արձանագրվել է բռնության 11, իկս 2010-ին՝  9 դեպք:

Արձանագրված 9 դեպքից 5-ը արձանագրվել են 2010 թվականի հունվարի 10-ին. այդ օրը լրացուցիչ մեծամասնական ընտրություններ էին տեղի ունենում թիվ 10 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:  «Աննախադեպ էր 2010-ի  երրորդ եռամսյակը, որի ընթացքում բռնության ոչ մի դեպք չի եղել»,-նշեց Մելիքյանը:

2010 թվականին ավելացել են նաեւ լրագրողների նկատմամբ ճնշումները՝ նախորդ տարվա  14 դեպքի փոխարեն  2010-ին արձանագրվել է  18 դեպք:  Օրինակ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանը զանգահարել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրություն, սպառնացել, թե  կպայթեցնի  թերթի խմբագրությունը, եւ գլխից կկրակի թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանին եւ Թագուհի Թովմասյանին: «Ճիշտ է՝ հետո Սարգսյանին աշխատանքից ազատեցին, սակայն նման պահվածքը հարիր  չէ նման բարձրաստիճան պաշտոնյային»,-նկատեց Մելիքյանը:

Որպես լրագրողի նկատմամբ ճնշման դեպք՝ Մելիքյանը նշեց նաեւ  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզի Մելիքյանի նկատմամբ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից գործադրված միջոցները. Բեգլարյանն իր թիկնապահներին ուղարկել էր Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղ, որպեսզի վերջիններս զրուցեն լրագրողի հոր հետ, եւ վերջինս էլ հորդորի դստերը այլեւս վատ նյութեր չգրել նախկին քաղաքապետի մասին:  Մեկ այլ դեպք էր արձանագրվել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանի հետ. Նրան սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը թույլ չի տվել լուսաբանել նախարարությունում տեղի ունեցած  միջացառումը, պատճառաբանելով, թե «եկել ես, որ էլի մեր մասին վատ բաներ գրե՞ս»:

Լրատվամիջոցի նկատմամբ ճնշման դեպքերի ցանկում  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը նշեց նաեւ Գյումրիի  ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ դատական վեճը՝ կապված հեռուստաաշտարակի շահագործման հետ, ինչպես նաեւ «Հետաքննող լրագրողներ»-Իջեւանի քաղաքապետարան դատական վեճը:

Խնդրո առարկա  զեկույցում անդրադարձ կա նաեւ լրատվամիջոցներին տեղեկություն չտրամադրելու դեպքերին: 2010-ին արձանագրվել է  տեղեկություն չտրամադրելու 18 դեպք: Ըստ Մելիքյանի՝ իրենց զեկույցում ներկայացված թվերը հարաբերական են, քանի որ գուցե արձանագրվել են այլ դեպքեր եւս, որոնց մասին լրագրողական կազմակերպությունները չեն արձանագրել, քանի որ լրագրողներն իրենք են փորձել սեփական միջոցներով հարցին լուծում տալ:

Տես`  http://news.am/arm/news/47297.html

Share