«panorama.am», 09.02.2011

2010-ին լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 9 դեպք է գրանցվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2010-ին գրանցված լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին: 2010-ին` 2009-ի համեմատ ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտման դեպքերը, սակայն պակասել են լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերը:

Ա. Մելիքյանը նշեց, որ 2010-ի երրորդ կիսամյակում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի գրանցվել: Սակայն առաջին կիսամյակում եղել է այդպիսի 5 դեպք, երկրորդում` 3 և չորրորդ կիսամյակում` 1 դեպք:

Այսպիսով` 2010-ին լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 9 դեպք է գրանցվել:

Բանախոսը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ 2010-ին ֆիզիկական բռնության գրանցված առավել` 5, դեպքերը գրանցվել են առաջին կիսամյակում, մասնավորապես, հունվարի 10-ին, երբ Երևանի թիվ տասը ընտրատարածքում անցկացվել են ՀՀ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:

Ա. Մելիքյանը նշեց, որ լրագրողների հանդեպ բռնություններն ու նրանց իրավունքի խախտման դեպքերն ակտիվանում են հատկապես քաղաքական իրավիճակի սրման պայմաններում: Ինչի վառ ապացույցն էլ հենց հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրություններն են:

Անդրադառնալով ԶԼՄ-ների ու նրանց աշխատակիցների վրա ճնշումների վերաբերյալ տվյալներին, ասել է թե սպառնալիքներով, հեռախոսազանգերով, դատական գործերի հարուցմամբ ու այլ ձևերով այս կամ այն նյութը հրապարակելուն, կամ չհրապարակելուն, կամ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն միտված գործողություններին, ապա 2010-ին` 2009-ի համեմատ այս դեպքերի թիվն ավելացել է 5-ով ու եթե 2009-ին գրանցվել է` 14, ապա 2010-ին` 19 դեպք:

Տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները 2010-ին նույնպես ավելի շատ են եղել: 2009-ին գրանցվել է այս իրավունքի խախտման 13, իսկ 2010-ին` 18 դեպք:

Տես` http://panorama.am/am/society/2011/02/09/a-meliqyan/

Share