Ֆինանսական ճնշման քաղաքականություն

Վերջին շրջանում, կարծես, նոր թափ է ստանում լրատվամիջոցների դեմ դատարան հայց ներկայացնելը՝ անձնական պատիվը կամ գործարար համբավն արատավորված համարելով,  հասցված վնասը յոթանիշ թվով գնահատելը եւ այդ գումարը որեւէ մանկատուն փոխանցելու խոստում հնչեցնելը: Հետաքրքիր է, քրիստոնեական ըմբռնումներով, այս փոխանցումը կընդունվի՞ որպես իրական բարեգործություն, թե՞ ոչ. չէ՞ որ հայտնի է՝ ողորմածությունն ընդունելի է, եթե արված է ոչ թե եկամտի ավելցուկից, այլ`զոհաբերված սեփական արդար վաստակից…

2009 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիրը ստիպված եղավ վճարել 3 միլիոն դրամի տուգանք` «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերնագրով նյութը հրապարակելուց հետո: Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, իր պատիվն ու արժանապատվությունն արատավորված համարելով, հերքում տպագրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով դիմել էր դատարան:

2010 թվականը ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության մի շարք փոփոխությունների բուռն ժամանակաշրջան էր: Դրանց թվում առանձնակի կարեւորություն ստացավ եւ թեժ քննարկումների առարկա դարձավ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը: Եվ որքան էլ լրագրողական տարբեր կազմակերպությունների փորձագետներն այդ գործընթացն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում, այնուամենայնիվ, ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ օրենսդրական հենց այս փոփոխությունն էլ, կարծես, կանխամտածված էր որպես ֆինանսական մահակ` լրատվամիջոցների դեմ: Ու թեեւ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացություններն օրենսդրորեն հստակ սահմանված են, այնուամենայնիվ, «վիրավորանք» եզրի անհատական ընկալումն ու մեկնաբանությունը չափազանց ընդգրկուն է: Բացի այս, մեր երկրի դատաիրավական պրակտիկայում, ավաղ, գրեթե անպատկերացնելի է անաչառ ու արդարամիտ վճռի ակնկալումը, երբ կշեռքի մի նժարին հասարակ մահկանացուի խոսքի իրավունքն է, իսկ մյուսին` ծանրակշիռ լծակների տեր մեկի պատիվը`անշուշտ, սուբյեկտիվ ընկալմամբ…

2010 դեկտեմբերի 9-ին, այս անգամ, Քոչարյանների ընտանիքի մյուս անդամները՝ Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները, հայցադիմում ներկայացրին դատարան ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի՝ սեպտեմբերին եւ հոկտեմբերին տպագրված այն հրապարակումների առիթով, որոնցով տեղեկացվում էր, թե Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում եւ այլն:

«1in.am»-ի հաղորդմամբ` Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչը սկզբում նամակով դիմել է «Ժամանակի» խմբագրությանը եւ խնդրել հերքել հրապարակումներում տեղ գտած «փաստացի անճշտությունները»: Հետաքրքրական է, որ հոկտեմբերին թերթը տպագրել է պահանջված հերքումը, սակայն Քոչարյաններն այդ հրապարակումը եւս համարել են վիրավորական: Թերթն ընթերցողին հիշեցրել էր, թե տվյալ հերքումն իրենց տպագրած որ տեղեկությանն է վերաբերում, իսկ հիշեցումն ընկալվել է որպես կրկին անգամ նույն տեղեկության տարածում: Կայքէջի ներկայացմամբ`հենց այս էլ հիմք է հանդիսացել, որ Քոչարյանները դիմեն դատարան՝ պահանջելով օրաթերթին պարտավորեցնել հերքում տպագրելու եւ հատուցելու վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված վնասը, որն իրենք գնահատել են 6 մլն դրամ: Այս ընկալման առնչությամբ որեւէ մեկնաբանություն անելը, թերեւս, անշնորհակալ գործ է՝ այն պարզ պատճառով, որ օրինակ՝ նախորդ դեպքում «Հայկական ժամանակի» տպագրած հերքմամբ նույնպես հիշեցվում էր, թե տվյալ հերքմամբ թերթն ինչ է հերքում, եւ դա չէր վիճարկվել:

Այս առիթով հիմնական հարցը վերաբերում է փոխհատուցման գումարի չափին: Խնդրո առարկան, անշուշտ, տարածվող տեղեկության ճշգրտությունն է, բայց հասկանալի չէ, թե հենց այդ ճշգրտությունն ինչ կշեռքով ու կշռաքարերով է կշռվում, որ, որպես կանոն, կանգ է առնում յոթանիշ թվի վրա. մի դեպքում ՝ 3 000 000, մեկ այլ դեպքում՝ 6 000 000, մեկ ուրիշ դեպքում էլ՝  2 044 000-ը բազմապատկած 3-ով…

Այս վերջինն ավելի թարմ պատմություն է, որ կրկին առնչվում է «Հայկական ժամանակին»: Փետրվարի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի կայացրած վճռով թերթի հիմնադիրը պարտավորվեց 6 132 000 դրամ փոխհատուցում վճարել, այս անգամԱԺ պատգամավորներ եւ հայտնի գործարարներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին  եւ Սամվել Ալեքսանյանին, ովքեր դատարան ներկայացված հայցադիմումով վիճարկել էին 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպագրված «Ութից յոթը ցուցակում են» հրապարակմամբ տարածված տեղեկությունները: Ի դեպ, վճիռը կայացնելիս՝ հիմք է ընդունվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որ վերաբերում է «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին եւ պայմաններին»: Շատ կարևոր մի հոդված, որը, սակայն, վերջերս հաճախ է օգտագործվում որպես հաշվեհարդարի հարմար գործիք ԶԼՄ-ների դեմ: Այլապես ի՞նչ տրամաբանությամբ բացատրել մեկը մյուսին հերթ չտվող միջադեպերը, որոնք, կարծես, ոչ պատահականորեն նախաձեռնվող արշավ լինեն հատկապես տպագիր որոշ լրատվամիջոցների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի փոխհատուցման պահանջով:

Այսպես՝ փետրվարի 4-ին վերոնշյալ նույն դատարանում սկսվեց «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցով գործի քննությունն ընդդեմ «news.am» կայքէջի: Վիճարկվում է 2010 թ. նոյեմբերի 23-ին «news.am»-ում հրապարակված «Սրտի արատով հիվանդին առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» հոդվածով հրապարակված տեղեկությունները: Նույն օրը նույն խնդրով դատական նիստ էր նախատեսված նաեւ ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Երկու գործերով էլ հայցվորը պահանջում է հերքում եւ որպես փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ, եւս 300 հազար դրամ էլ՝ փաստաբանի վարձատրության համար: Ի դեպ, թե՛ «news.am» կայքէջում եւ թե՛ «Առավոտ» օրաթերթում տպագրված խնդրահարույց հոդվածներն առիթ չեն տալիս լրագրողական էթիկայի խախտումներ արձանագրելու. երկու լրատվամիջոցներն էլ հրապարակման նախապատրաստվող տեղեկությունների վերաբերյալ ճշտում են կատարել հենց ապագա հայցվորից: Այս գործերի քննությունը դեռեւս ավարտված չէ: Մնում է միայն բարին հուսալ…

Հաջորդ միջադեպի հայցվորը Լեռնապատ համայնքի գյուղապետն է, ով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը գնահատելով 2 000 000 դրամ՝ հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի: Վերջինս «Վանաձորյան խճանկար» թերթի 2010 թ. դեկտեմբերի 8-ի համարում տպագրված հարցազրույցում գյուղապետի հասցեին արել է հայտարարություն, որն, ըստ հայցվորի, զրպարտություն է:

Օրեր առաջ «Երկիր» օրաթերթը եւս հայտնվեց դատական ատյանների վարույթում` պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցով: Իսկ «Ժամանակ» օրաթերթը դատարանում քննվելիք խնդիրներ ունի նաեւ «Գլենդեյլ Հիլզ» ընկերության հետ:

Անկարեւոր չէ հիշեցնել, որ ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հեղինակները իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Մի՞թե հենց այն ժամանակ արդեն իսկ ծրագրվել էր նախ օրենսդրական փոփոխություններ իրականացնել, հետո դատական ատյանների միջոցով ճնշումներ գործադրել անցանկալի լրատվամիջոցների նկատմամբ:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

ՀԳ. Հրապարակումը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ հինգ լրագրողական կազմակերպություններ, այդ թվում նաեւ` ԽԱՊԿ-ը, ԶԼՄ-ների դեմ դատական գործերի այս արշավի առնչությամբ հանդես են եկել  հայտարարությամբ`համապատասխան կոչեր ուղղելով ՀՀ ԱԺ-ին, դատական ատյաններին եւ ԶԼՄ-ներին:

Share

, , ,