Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատելաոճն առնվազն տարակուսանք է հարուցում ոչ միայն հեռուստաընկերությունների արտոնագրման մրցույթների անցկացման թեժ շրջանում, այլեւ առօրյա աշխատանքային գրագրության պարագայում:

Փետրվարի 21-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղեկություն ստանալու նպատակով, պատվիրված նամակով հարցում ուղարկեց ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու արտոնագրման մրցույթներին ներկայացված մի շարք հայտերի եւ կից փաստաթղթերի, ինչպես նաեւ՝ ՀՌԱՀ-ի կողմից իրավասու կազմակերպություններին ուղղված գրությունների եւ դրանց պատասխանների պատճենները: Այս հարցմանն ի պատասխան՝ ՀՌԱՀ-ից  նամակով հայտնեցին, որ որոշակի պայմաններով պատրաստ են նշված փաստաթղթերը տրամադրել պատճենահանելու՝ բացառությամբ առեւտրային գաղտնիք պարունակողների: Տարըմբռնումից խուսափելու նկատառումով՝ ԽԱՊԿ-ն ստիպված եղավ եւս մեկ հարցում ուղարկել ՀՌԱՀ-ին՝ ճշգրտելու, թե հատկապես որ փաստաթղթերն են դիտարկվելու որպես առեւտրային գաղտնիք պարունակող: Հենց այս հարցման պատասխանն էլ, մեղմ ասած, զարմանք է առաջացնում՝ կասկածի տակ դնելով ՀՌԱՀ-ի՝ օրենքով սահմանված գործառույթներից եւ գործունեության սկզբունքներից այն կետերի իրագործումը, որոնք վերաբերում են հրապարակայնությանը («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 36, 37): Ահա թե ինչու: Պատասխան նամակում, որպես մերժման ենթակա փաստաթղթեր, նախ հիշատակված են վերահեռարձակում իրականացնելու վերաբերյալ կնքված պայմանագրերը, որոնցում նշված է, որ առանց կողմերի համաձայնության` հրապարակման ենթակա չեն: Այս պատճառաբանությունը, գուցե, կարելի է համարել հիմնավոր. քննելու հարց է, քանի որ օրենքով նախատեսված է հեռուստաընկերությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության ապահովում («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 20): Սա խնդրի մեկ կողմն է, իսկ ինչպե՞ս մեկնաբանել հաջորդող միտքը. «Միաժամանակ Ձեզ չեն տրամադրվի գործերում առկա ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV)»:Փաստորեն, ըստ ՀՌԱՀ-ի, այդ թերթիկները ե՞ւս առեւտրային գաղտնիք են պարունակում:

Ի գիտություն ՀՌԱՀ-ի. «անձնական թերթիկը» եւ «CV»-ն նույնական չեն: «CV»-ն, որ «Curriculum vitae» լատիներեն քարացած ձեւակերպման հապավումն է, ընդունված է թարգմանել որպես «Աշխատանքային կենսագրություն»: Այսինքն՝ այդ թերթիկը չի պարունակում գաղտնի տեղեկություններ, այդ թվում նաեւ` անձնական, պարզապես անձը դրա միջոցով, տարբեր առիթներով, հակիրճ ներկայացնում է իր ստացած կրթությունը, աշխատանքային փորձը, ունակությունները եւ հմտությունները:

Հարց է ծագում, թե ՀՌԱՀ-ն ինչո՞ւ է արհեստականորեն գաղտնիք ստեղծում: Գուցե, կարծում են, որ նույնիսկ այդ «CV»-ները հնարավորություն կտան վերլուծելու կամ վերհանելու մրցութային փաթեթների գնահատման հարցում ՀՌԱՀ-ի դրսեւորած, թերեւս, ոչ այնքան անաչառ մոտեցումները: Այս հարցերի պատասխանները ԽԱՊԿ-ն մտադրվել է ստանալ դատարանում՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի հայց ներկայացնելով: Մինչ այդ՝ ավելորդ չէ հիշեցնել, որ ՀՌԱՀ-ի անդամներից յուրաքանչյուրն իր պաշտոնը ստանձնելիս, օրենքով սահմանված կարգով, արտասանել է երդման տեքստ՝ ներառյալ հետեւյալ նախադասությունը. «Երդվում եմոր պարտականություններս կկատարեմ անաչառառավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբկգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքովանկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

 

Ներկայացնում ենք ԽԱՊԿ-ի եւ ՀՌԱՀ-ի գրագրության պատճենները:

Share

, , , , , ,