«media.am», 12.04.2011

3 ամսում 10 դատական հայց  ԶԼՄ-ների դեմ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2011 թվականի առաջին եռամսյակային զեկույցը: Ըստ ԽԱՊԿ-ի՝ 2011 թվականի առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առատությամբ:

«Կոմիտեն արձանագրել է 10 դատական նոր գործ, որոնք ուղղակիորեն կապված են 2010 թվականի մայիսի 18-ին ընդունված՝ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրինագծերի փաթեթի հետ: Ընդ որում՝ եւս 3 նույնաբնույթ դատական գործեր սկսվել էին դեռեւ անցած տարի, եւ այս եռամսյակում գրանցվեցին դրանց նոր զարգացումները»,- նշված է զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ԶԼՄ-ների հետ ծագող խնդիրներն անպայմանորեն դատական գործընթացներով լուծելու միտումը պայմանավորված է ոչ այնքան օրենքի նոր դրույթների անկատարությամբ, որքան լրատվամիջոցներով հրապարակվող քննադատության նկատմամբ քաղաքական գործիչների եւ այլ պաշտոնյաների անհանդուրժողականությամբ: «Խորհելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման օրենսդրական փոփոխությունների նախագծերի հեղինակներն իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էին: Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնողներից շատերը նույնպես իշխող կուսակցության գործիչներ են: Բացի այս՝ առայժմ մեր երկրում դեռեւ չի ձեւավորվել անկախ դատական համակարգը, եւ գործնականում հազվադեպ են կայացվում անաչառ ու արդարամիտ վճիռներ` ԶԼՄ-ների դեմ հայցերի առնչությամբ»,- գրված է զեկույցում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նաեւ արձանագրել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների աճ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած, ինչը պայմանավորել է լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի աննախադեպ քանակով:

ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ ԶԼՄ-ների դեմ այս դատավարությունները կարող են հանգեցնել լրատվամիջոցներում ինքնագրաքննության կիրառման:

«Եթե ոչինչ չձեռնարկվի եւ դատարանները հայցվորների պահանջները միշտ ամբողջությամբ բավարարեն, դրանք նախադեպեր կդառնան եւ միշտ կշարունակվեն»,- ասում է նա:

Նրա խոսքերով՝ այս իրավիճակից պետք է դասեր քաղեն բոլոր կողմերը:

«Լրատվամիջոցներն ու լրագրողները շատ ավելի պատասխանատու պետք է լինեն հատկապես քննադատական հոդվածներ գրելիս՝ ստուգեն փաստերը, տարբեր աղբյուրներից օգտվեն, համադրեն եւ համոզված լինեն իրենց գրածում, ոչ թե ենթադրեն: Քաղաքական գործիչները պետք է համակերպվեն, որ քաղաքական գործիչների հանդեպ քննադատության շրջանակներն ավելի լայն են, հակառակ դեպքում դատապարտված են ամբողջ կյանքում դատարաններից դուրս չգալ: Հասարակությունն էլ պետք է ավելի հանդուրժող լինի»,- ասում է նա:

Աշոտ Մելիքյանը գտնում է նաեւ, որ կարեւորագույն գործոններից մեկը օրենսդրական բարեփոխումներն են:

Տես` http://media.am/lawsuits-against-media

Share