Դատական քննությունների փակ շրջապտույտ

Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորված համարելով` լրատվամիջոցի դեմ դատական հայցով, հերքումից բացի, նաեւ ֆինանսական պահանջ ներկայացնելու մարմաջը մեր իրականությունում նոր չէ: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն այդ խնդրին տարբեր առիթներով առնչվում է վաղուց: Այդպիսի վիճարկումներից մեկը եւ, թերեւս, ամենաձգձգվածը սկսվել է դեռեւս 2008 թվականից, երբ «Հետք» օրաթերթի մայիսի 5-ի համարում տպագրվեց Ոսկան Սարգսյանի «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը (մայիսի 20-ին նույն հրապարակումը տպագրվեց նաեւ «Ազգ» թերթի հավելվածում): Մոտ երկու ամիս անց` 2008 թվականի հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Իջեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանը վարկաբեկող են համարում լրագրողական հետաքննությամբ պարզված եւ վերոնշյալ հոդվածում հրապարակված տեղեկությունները, ուստի դատական հայց ներկայացնելով` պահանջում են հերքում եւ փաստաբանական ծառայությունների փոխհատուցում` ոչ ավելի, ոչ պակաս 930 հազար դրամի չափով:

Նկատենք, որ այդ ժամանակ դեռեւ սկսված չէր վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման հայտնի գործընթացը (2009 թ. – 2010 թ. մայիսի 18), բայց լրատվամիջոցներին ֆինանսապես ճնշելու տենդը, փաստորեն, արդեն իսկ զգացնել էր տալիս: Իսկ փաստաբանական ծառայության վարձատրությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով, մինչ օրս ներառված է դատական ծախսերի մեջ` «փաստաբանի խելամիտ վարձատրություն» ձեւակերպմամբ: Հետեւաբար, հասկանալի չէ, թե Իջեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանը ի՞նչ տրամաբանությամբ կամ հաշվարկով էին որոշել փաստաբանական ծառայության փոխհատուցման գումարի խելամտության չափը:

Հետեւելով այս գործին առնչվող իրադարձությունների շարունակությանը` առավել անտրամաբանական հանգուցակետեր են հանդիպում: Նույն` 2008 թվականի հուլիսի 2-ին «Հետաքննող լրագրողները» Իջեւանի քաղաքային վարչակազմից պահանջել էր 2008 թ. մայիսի 23-ի`ավագանու նիստի արձանագրության պատճենները եւ որոշումը`«Հետաքննող լրագրողների» դեմ ներկայացված վերոհիշյալ հայցի առիթով փաստաբանական ծախսերը վճարելու համար քաղաքային բյուջեից 930 հազար դրամ հատկացնելու մասին: Քանի որ Իջեւանի քաղաքապետն այս հարցմանը պատասխանել էր, թե պահանջվող տեղեկությունը կարող է ներկայացվել դատական գործընթացի ավարտից հետո միայն, ուստի «Հետաքննող լրագրողները» «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտելու վերաբերյալ հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Իջեւանի քաղաքապետարանի: Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել Իջեւանի վարչակազմին՝ ներկայացնելու հարցվող տեղեկությունը եւ փոխհատուցելու իրենց փաստաբանական ծախսերը՝ 114 հազար դրամի չափով:

Հետաքրքրական է, որ դատարանն այս հայցը բավարարեց մասնակիորեն. ըստ որի` Իջեւանի քաղաքապետարանը պարտավորվեց ներկայացնել լրագրողական կազմակերպության պահանջած տեղեկությունը, իսկ վերջինիս ծախսերի փոխհատուցումը բավարարվեց միայն 8 հազար դրամի չափով: Ո´չ 930 հազար դրամը, ո´չ էլ 114 հազարը` որպես փաստաբանական ծախս, այդպես էլ չհիմնավորվեցին եւ խնդրի այս կետն այդպես էլ մնաց լուծման կարոտ՝ ընդհուպ մինչեւ այլ  նմանատիպ իրադարձությունների այնպիսի դրսեւորումները, երբ լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացնողները, որպես փաստաբանական ծառայության փոխհատուցում, պատասխանողից սկսեցին պահանջել ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ 3 միլիոն դրամ: Որպես օրինակ՝ հիշենք Հայաստանի երկրորդ նախագահի եւ Քոչարյանների ընտանիքի մյուս անդամների վերջին շրջանի դատական հայցերը՝ «Հրապարակ» եւ «Ժամանակ» թերթերի դեմ, ըստ որոնց՝ փաստաբանին վճարելու համար ներկայացված է 3 միլիոն դրամի պահանջ:

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ի արձանագրած՝ լրատվամիջոցների դեմ 10 նոր դատական հայցերի մեծամասնության առավել անընդունելի հանգամանքներից մեկն էլ հենց սա է, եւ թերեւս՝ այնքան ցայտուն, որ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց հատուկ անդրադառնալ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի հատուցման գործերին եւ ճշգրտել գոնե փաստաբաններին վճարվելիք գումարի ողջամտության սահմանները: Ապրիլի 15-ին հրապարակվեց քննարկման արդյունքում կայացված որոշումն այս առնչությամբ, որը թեեւ կրում է խորհրդատվական բնույթ, սակայն ակնառու է դարձնում այս գործերով քմահաճ պահանջների վտանգավորության հասնելու միտումը եւ սրանով իսկ հույս ներշնչում, որ մեր իրականությունում դեռեւս կան ինստիտուտներ, որոնք խելամտության կողմնակից են…

…Մինչդեռ, օրինակ՝ «Հետաքննող լրագրողների» դեմ Իջեւանի քաղաքապետարանի հայցով գործի հետագա վճիռները կասկածի տակ են դնում լավատեսության նշույլներն անգամ: 2009 թվականի հուլիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջեւանի քաղաքապետարանի հայցը մերժվել էր՝ պահանջը համարելով չհիմնավորված: Բայց ահա հայցվորի բողոքարկումից հետո վերաքննիչ դատարանը բեկանել էր այս վճիռը եւ գործն ուղարկել լրացուցիչ քննության: Կարելի է ասել, որ այս դեպքում հայցվոր կողմն ավելի ծանր էր կշռում, քանի որ հետագայում, երբ նոր քննությամբ կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկող դարձավ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, բաղոքը մասնակի բավարարվեց, եւ լրագրողական կազմակերպությունը պարտավորվեց փոխհատուցել հայցվորի փաստաբանական ծախսերը՝ 930 հազարի փոխարեն 450 հազար վճարելով: «Հետաքննող լրագրողների»՝ այս վճռի բողոքարկումը վճռաբեկ դատարան արդյունք չտվեց: Այս տարվա ապրիլի 18-ին հայտնի դարձավ վերջինիս որոշումը՝ ՀԿ-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: «Հետաքննող լրագրողները» մտադրվել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստացվում է, որ լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քննությունը հայաստանյան դատական համակարգում հայտնվում է փակ շրջապտույտում, որտեղ ինչպիսի քննություն էլ, որ կատարվի, միեւնունն է, թե´ ֆինանսապես, եւ թե´, վերջին հաշվով, բարոյապես տուժողը լրատվամիջոցն է…

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

, , , , , ,