«1in.am», 20.05.2011

Ամենամութ գերատեսչությունը պետական եկամուտների կոմիտեն է

ՀՀ պետական մարմինների կայքերում առկա տեղեկատվության թափանցիկության մակարդակը պարզելու համար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգի արդյուքներով պարզվել է, որ ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վիճակն այնքան էլ գովելի չէ, և չկա այնպիսի գերատեսչություն, որի կայքում տեղեկատվության թափանցիկությունը գերազանցի գոնե 50 տոկոսը:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ անգամ առաջին տեղում գտնվող տրանսպորտի և կապի նախարարարության կայքում տեղեկատվության թափանցիկության վարկանիշը 46.96 տոկոս է: Երկրորդ տեղում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 45.85 տոկոս, երրորդում՝ գյուղատնտեսության նախարարությունն է՝ 40.3:
Վարկանիշային աղյուսակի ամենավերջին հորիզոնականում է գտնվում պետական եկամուտների կոմիտեն՝ 4.17 տոկոս:
Մելիքյանը նկատեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդհանրապես կայք չունի, ինչն անթույլատրելի է, այն էլ՝ 21-րդ դարում: Իսկ Ազգային անվտանգության կայքն ընդհանրապես չի դիտարկվել, քանի որ այն փակ կառույց է և հաստատ չէր համապատասխանի այն չափանիշներին, որոնցով իրենք առաջնորդվում են:
Մարզպետարանների կայքերի մասին խոսելիս Մելիքյանը նկատեց, որ դրանք տեխնիկական խնդիրներ ունեն և շատ դժվար են բացվում:
Մարզերի պաշտոնական կայքերից առաջին տեղում է Արմավիրը՝ 30 տոկոս, երկրորդը Սյունիքն է՝ 29.01 տոկոս, երրորդը՝ Արագածոտնը՝ 27.17 տոկոս, իսկ վերջին տեղում հայտնվել են Գեղարքունիքի և Արարատի մարզպետարանների կայքերը, որոնք ընդհանրապես չեն բացվում: Այդուամենայնիվ, Մելիքյանը նշեց, որ ինքը տեղեկություն ունի, որ առաջիկա ամիսներին այդ կայքերը վերակառուցվելու են:
Անդրադառնալով այն հինգ կայքերին, որոնց համար վարկանիշային աղյուսակ չի կազմվել, այլ դիտարկվել է առանձին, Մելիքյանը նշեց, որ ամենանպաստավոր վիճակում է դատախազության կայքը, որը գերազանցում է 50 տոկոսը՝ տեղեկատվության թափանցիկությունն այստեղ 56 տոկոս է: ՀՀ նախագահի կայքն ունի 33.3 , Աժ-ն՝ 47, Սահմանադրական դատարանը՝ 22 տոկոսային ցուցանիշներ: Մելիքյանը նշեց, որ այս կայքերում հաճախ չեն տեղադրվում տեղեկություններ պաշտոնական անձանց որոշումների վերաբերյալ, բյուջեի ծախսերի, թափուր հաստիքների վերաբերյալ ինֆորմացիա չկա:
Ավելին՝ Մելիքյանը տեղեկացրեց, որ շատ պաշտոնական մարմինների կայքերում 2011-ին տեղադրված է 2009 թ. բյուջեի հաշվետվությունը:

Տես` http://www.1in.am/arm/armenia_politics_20250.html

 

Share