«Epress.am», 20.05.2011

Հայաստանում ստուգել են պետական կառույցների կայքերի թափանցիկությունը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011թ. փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրել է  Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ` դրանց  տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց մոնիտորինգի արդյունքները:

«Տեղեկությունները, որոնց տիրապետում են պետական ատյանները, նրանց սեփականությունը չեն, դրանք հանրային սեփականություն են: Նրանք պարտավոր են դա ներկայցնել հանրությանը: Այս կայքերը երկրի քաղաքացիների համար պետք է ծառայեն որպես իշխանական կառույցների գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ միասնական մեթոդաբանությամբ ուսումնասիրվել են պետական մարմինների 39 կայքեր, որոնցի 24-ը նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների կայքերն են, 10-ը` մարզպետարանների, 5-ը` պետական կառավարման մարմինների ` ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, Դատախազության:

Կայքերի դիտարկում իրականացվել է  177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական:

Ըստ տեղեկատվական թափանցիկության աստիճանի` առաջին եռյակի մեջ են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` 46,96%, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` 45.85%, Գյուղատնտեսության նախարարությունը` 40,30%:

Այս աղյուսակում ներառված չեն ԱԱԾ-ի կայքը, քանի որ, ըստ Մելիքյանի, այն իր էությամբ փակ կառույց է, որտեղ շատ բան պետական գաղտնիք է, ինչպես նաև ներառված չէ ԱԻՆ-ի կայքը, քանի որ այս նախարարությունն ընդհանրապես կայք չունի:

Ինչ վերաբերում է  մարզպետարանների կայքերին, ապա դիտարկման արդյունքում պարզվել է, որ դրանցից 2-ը` Գեղարքունիքի և Արարատի  մարզերի կայքերը, չեն բացվում: Մելիքյանը տեղեկացրել է, որ կայքերը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Աշոտ Մելիքյանի խոսքով` դիտարկման տվյալները վկայում են  Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության ցածր մակարդակի մասին:  Նոր մոնիտորինգի իրականացում նախատեսված է այս տարվա երկրորդ կիամյակում:

Տես` http://www.epress.am/2011/05/20/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82/

Share