«Report.am», 20.05.2011

Պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության գնահատումն ըստ կայքերի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրել է Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ` դրանց թափանցիկության մակարդակը գնահատելու համար: Մոնիտորինգի ժամանակ հաշվի են առնվել` պահանջված տեղեկության առկայությունը, տեղեկության ամբողջականությունը, մատչելիությունը: Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական:

Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը` առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ:

ՀՀ նախարարությունների եւ կառավարության առընթեր մարմինների կայքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կայքերի “լիդերներն են”`Տրանսպորտի եւ կապի նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, եւ գյուղատնտեսության նախարարությունների կայքէջերը, որոնք, ըստ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, նույնպես բացարձակ լիդերներ չեն: Այս խմբի վարկանիշային աղյուսակի ամենավերջին հորիզոնականներում հայտնվել են ՀՀ ոստիկանության, արդարադատության նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային ծառայությունների կայքերը:

Աշոտ Մելիքյանը նշում է, որ այս երկու կայքերը արհեստական է մեկտեղելը, որը ցույց է տալիս, որ նրանց միավորումը նույնպես արհեստականորեն կատարվեց:

ՀՀ մարզերի` տարածքային կառավարման համակարգ-ցանցում ընդգրկված կայքերից մոնիտորինգի չափանիշներով առաջին 3 տեղում են հայտնվել Արմավիր, Սյունիք, Արագածոտն մարզերի կայքերը, իսկ վերջին հորիզոնականում՝ երկու մարզերի` Գեղարքունիքի եւ Արարատի կայքերը, որոնք ընդհանրապես չեն աշխատել:

Հետազոտության շրջանակում, միասնական մեթոդաբանությամբ վերլուծության են ենթարկվել նաեւ ՀՀ պետական իշխանության  5 մարմինների` ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության պաշտոնական կայքերը: Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս դեպքում վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ նրանց գործառույթները եւ նշանակությունը, ուստի եւ հրապարակված տվյալները, տարբեր են եւ համադրելի չեն:

Կոմիտեի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ  աղյուսակներում ներառված չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքը, քանի որ այն իր էությամբ փակ կառույց է:

Նախարարություններից չի դիտարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ այն կայք չունի ընդհանրապես:

Աշոտ Մելիքյանը նշում է, որ նման մոնիտորինգ անցկացվում է առաջին անգամ եւ հույս ունի, որ նախարարությունները հաշվի կառնեն ներկայացված տվյալները եւ կվերանայեն իրենց կայքերը` հատկապես բովանդակային, ինֆորմացիոն առումով:

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Տես` http://report.am/news/society/ashot-melikyan-kayqer-monitoring.html

Share