«Aravot.am», 21.05.2011

Շամփուրներ՝ նախարարության կայքում

Նաեւ ոչ թափանցիկ եւ թերի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով անցկացրել է մոնիտորինգ, որի մեթոդաբանությունը հայկական չի եղել, այլ՝ ռուս գործընկերներինը: Մոնիտորինգն իրականացվել է ամերիկյան NET-ի (Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի) աջակցությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգի արդյունքում հետազոտվել են 24 նախարարությունների, 10 մարզպետարանների, 5 պետական կառավարման մարմինների 39 կայքեր: Ըստ մոնիտորինգի արդյունքների, տեղեկատվության թափանցիկության բացարձակ՝ 100%-անոց ցուցանիշից առաջատար համարվող կայքերը նույնիսկ չեն հասել առավելագույն մակարդակի կեսին: Նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմիններից ամենաբարձր թափանցիկությունն ունեցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ 46.96% ցուցանիշով, 2-րդը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ 45.55%, եւ 3-րդը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ 40% ցուցանիշով:
ԽԱՊԿ նախագահը առանձնացրեց աղյուսակի վերջին տեղում հայտնված ՊԵԿ-ի կայքը, որը, նրա ձեւակերպմամբ, բավականին տարօրինակ տպավորություն է թողնում. մեխանիկորեն միացնում է հարկային եւ մաքսային ծառայության կայքերը: Մոնիտորինգի ցանկում հասկանալի պատճառներով չի ընդգրկվել ԱԱԾ-ի կայքը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը չի հետազոտվել, որովհետեւ ԱԻՆ-ը իր գործունեությունը մինչ այժմ ծավալում է առանց կայքի:
Մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների կայքերը միջին տեղ են գրավել վարկանիշային սանդղակում: Այս կայքերին բնորոշ է եղել տեղեկությունների բացակայությունը կամ թերի ներկայացնելը:
Մարզերի պաշտոնական կայքերից 30% ցուցանիշով առաջատար է եղել Արմավիրը ու Սյունիքը՝ 29.01%, Արագածոտնի մարզը՝ 27.17%: Մարզային կայքերի աղյուսակում վերջին տեղերում հայտնվել են Գեղարքունիքի եւ Արարատի մարզերը, որոնց կայքերն այդպես էլ մոնիտորինգի ընթացքում հասանելի չեն եղել:
ՀՀ նախագահի www.president.am կայքն ունի 33.03% ցուցանիշ, Ազգային ժողովի www.parliament.am-ը՝ 48.39%, կառավարության www.gov.am, www.e-gov.am-ը՝ 42.65%, ՍԴ-ի www.concourt.am ու դատախազության www.genproc.am-ը, համապատասխանաբար, 43.22% եւ 56.88% ցուցանիշ: Բոլոր այս կայքերը, Ա. Մելիքյանի խոսքով, բարելավման կարիք ունեն: ԽԱՊԿ նախագահը հավելեց, որ ամենախոցելի թերությունն այն է, որ հասարակության համար փակ են այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նշված պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները վիճարկելուն, կայքերում բացակայում է նաեւ թափուր պաշտոնների մասին տեղեկատվությունը եւ այլն: Ասուլիսի վերջում պարոն Մելիքյանը, «դրսի» փորձը վկայակոչելով, ոչ հայաստանյան նախարարություններից մեկի կայքում զետեղված մի տեղեկույթի մասին պատմեց. այդ գերատեսչությունը հատը $500-ով խորովածի շամփուրներ էր գնել. «Չգիտեմ ինչից էին պատրաստված այդ շամփուրները, բայց հարկատուն տեղեկանում է, որ իր հարկերով նախարարությունը նման գնումներ է անում: Իհարկե, սա սենսացիոն հայտնաբերումներից մեկն է, բայց գլխավոր նպատակն այն է, որ հանրային հետաքրքրություն ունեցող ինֆորմացիան մատչելի լինի հանրությանը»:

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Տես` http://aravot.am/am/articles/education/93567/view

 

Share