«Yerkir.am», 21.05.2011

Պետմարմինների ոչ թափանցիկ կայքերը

Պետական մարմինների ինտերնետային կայքերը անհրաժեշտ ինֆորմացիան պարունակելու տեսանկյունից նույնիսկ կիսով չափ թափանցիկ չեն: Այս եզրակացությանն են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետները այս տարվա փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում արված հետազոտության արդյունքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց, որ ուսումնասիրվել է 39 կայք, որից 24-ը նախարարությունների եւ կառավարությանն առընթեր հիմնարկների կայքերն են, 10-ը` հանրապետության մարզպետարաններինը, իսկ երրորդ խմբում են ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի եւ գլխավոր դատախազության կայքերը:

Տեղեկատվության տրամադրման թափանցիկությունը գնահատելու համար ընտրվել է 177 չափորոշիչ, որոնցից միայն 27-ը վերաբերել են տեխնիկական մասին, իսկ մյուսները` բովանդակային: Գնահատվել է կայքերի` պահանջված տեղեկություններ պարունակելը, դրանց ամբողջականությունը, ժամկետայնությունն ու մատչելիությունը. «Մատչելիությունը տեխնիկական բնույթ ունի. հաշվարկվել է, թե քանի քլիքի միջոցով ես հասնում պահանջված ինֆորմացիան պարունակող էջին»:

Հետազոտության մեթոդաբանությունը վերցվել է Սանկտ Պետերբուրգի համանման հետազոտություններ իրականացնող կազմակերպությունից, այն մշակվել եւ հարմարեցվել է տեղի օրենսդրական պահանջներին:

Ա. Մելիքյանը նշեց, որ պետական կառույցներից ինֆորմացիա ստանալու` քաղաքացու իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, եւ այն ինֆորմացիան, որը տնօրինում են պետմարմինները, հանրային սեփականություն է: Սա, իհարկե, մասամբ միայն տեսականորեն:

Այսպիսով` ինֆորմացիոն թափանցիկության տեսանկյունից վերոհիշյալ կայքերի առաջին խմբի առաջին տեղերում են տրանսպորտի եւ կապի (46.96 տոկոս), աշխատանքի եւ սոցիալական հարցերի  (45.85 տոկոս) եւ գյուղատնտեսության  (40.3 տոկոս) նախարարությունները:

Վերջին տեղում է պետեկամուտների կոմիտեի կայքը (4.17 տոկոս): «ՊԵԿ-ի կայքը տարօրինակ տպավորություն է թողնում, այն, կարծես, մեխանիկորեն միացնում է հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը, որոնք, ի դեպ, առանձին վերցված ավելի բարձր ցուցանիշներ ունեն, բայց դրանք ՊԵԿ-ից առանձին միավորներ չեն»,- նշեց Ա. Մելիքյանը:

Չեն դիտարկվել արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քանի որ այն գոյություն չունի, եւ ազգային անվտանգության ծառայության կայքը: «ԱԱԾ-ն ինքնին փակ կառույց է, բազմաթիվ են պետական գաղտնիքները, եւ համեմատելի չէ պետական մյուս մարմինների կայքերի հետ»,- ասաց Ա. Մելիքյանը:

Մարզերի պաշտոնական կայքերից ինֆորմացիոն թափանցիկության առումով առաջին տեղում են Արմավիրինը  (30 տոկոս), Սյունիքինը  (29 տոկոս), Արագածոտնինը (27.17 տոկոս): Վերջին տեղերում են այն կայքերը, որոնք չեն բացվում` Գեղարքունիքի եւ Արարատի մարզեր:

Երրորդ խմբի կառույցների կայքերի արդյունքները հետեւյալն են` ՀՀ նախագահ 33.03 տոկոս, ԱԺ` 48.39, կառավարություն` 42.65, ՍԴ` 43.22 եւ դատախազություն` 56.88:

Ա. Մելիքյանը ընդգծեց, որ դատախազության կայքը միակն է, որը հատում է տեղեկություններ պարունակելու 50 տոկոսը, թեեւ, ընդհանուր առմամբ, սա էլ դրական ցուցանիշ չէ:

Տես` http://www.yerkir.am/am/news/7310.htm

Share