«NEWS.am», 19.07.2011

Լրագրողների եւ լրատվամիջոցների համար 2011թ երկրորդ եռամսյակը մտահոգիչ էր. Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտե

Հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար 2011թ երկրորդ եռամսյակը մտահոգիչ ժամանակահատված էր, նրանք աշխատում  էին բարդ պայմաններում: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով խոսքի ազատության վիճակի վերաբերյալ եռամսյակային զեկույցը: 2011թ երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ 10 նոր իրավախախտում է գրանցել:

Ըստ այդմ` եթե 2011թ առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ոչ մի դեպք չէր արձանագրվել, ապա երկրորդ եռամսյակում դրանք երկուսն էին: Լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները առաջին եռամսյակի 15-ի փոխարեն նվազել են` հասնելով 6-ի: Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա երկրորդ եռամսյակում դրանք երկուսն էին` նախորդ եռամսյակի 4-ի փոխարեն:

«Որպես կանոն` լրատվամիջոցները պարտվում են, բայց դրական է այն, որ մեկ դեպքում դատարանը մերժել է պատգամավորի հայցն ընդդեմ լրատվամիջոցի, իսկ մեկ դեպքում էլ բավարարել է մասամբ»,- ասաց նա: (Առաջին դեպքում խոսքը «Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունքի» գործի մասին  էր, իսկ երկրորդը` «Արզաքանցյանն ընդդեմ «Երկիրի»- NEWS.am):

Խոսելով իրավական դաշտում կատարված փոփոխությունների մասին` նա ուշադրությունը հրավիրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններին, որոնցով վերացվել է «հովանոցային» կամ «թաքնված» գովազդի արգելքը. «Փաստորեն, կանաչ լույս բացվեց, օրինակ` օղու գովազդի համար, ինչը ցավալի երեւույթ էր, որովհետեւ այդ գովազդի սահմանափակումը հօգուտ հանրության էր: Փոփոխությունների արդյունքում գովազդի ծավալը 1 եթերային ժամի ընթացքում ավելացավ`10-ից դառնալով 14 րոպե: Ըստ էության` օրինականացվեց այն, ինչ առաջ արվում էր անօրինական ձեւով»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո ստեղծված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման աշխատանքային խմբին` նա նշեց, որ մտահոգիչ է այն, որ ՄԻՊ-ը  «դեռ հում վիճակում օրինագիծ է ուղարկել ԱԺ եւ այն լրագրողական կազմակերպությունները, որոնք աշխատել էին օրինագծի վրա, հայտարարել էին, որ այդ ձեւով օրինագիծը իրավունք չունի քննարկվի», այնուհանդերձ, ԽԱՊԿ-ը կհետեւի գործընթացներին:

Տես` http://news.am/arm/news/68413.html

Share