Վարչական դատարանը մերժեց հայցն ընդդեմ ՀՌԱՀ-ի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է բողոքարկել

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ վարչական դատարանում, 2011 թվականի սեպտեմբերի 27-ին, շատ նման է ֆարսի: Թեեւ նշանակված էր, որ այդ օրը պետք է հրապարակվեր վճիռը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործով, սակայն դատավոր Կարինե Բաղդասարյանը չներկայացավ նիստերի դահլիճ: Միայն շենքի միջանցքում, քարտուղարի միջոցով, հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչներին հանձնվեց դատական վճռի տեքստը, ինչից պարզ դարձավ, որ ՀՌԱՀ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ հարցված տեղեկություններն ամբողջությամբ տրամադրելու պահանջով՝ ԽԱՊԿ-ի հայցը մերժվել է:

Կոմիտեն մտադիր է բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ ատյաններ: Դա հիմնավորվում է ոչ միայն ընթացակարգային կանոնների խախտումներով, այլ, ինչը եւ ամենակարեւորն է, փաստերի եւ փաստարկների ուսումնասիրման հարցում դատարանի դրսեւորած կողմնակալությամբ եւ միտումնավորությամբ:

Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարի 21-ին ԽԱՊԿ-ն ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին հասցեագրված հարցում էր ուղարկել՝ ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու ՝ 2010 թ. արտոնագրման մրցույթներին ներկայացված հայտերի, դրանց կից փաստաթղթերի եւ այդ մրցույթներին առնչվող՝ իրավասու կազմակերպությունների հետ նամակագրության պատճենները ստանալու խնդրանքով: Ի պատասխան՝ ՀՌԱՀ-ից հայտնել էին, որ պատրաստ են տրամադրել փաստաթղթերը՝ բացառությամբ առեւտրային գաղտնիք պարունակողների: Երբ Կոմիտեն հաջորդ նամակով խնդրեց հստակեցնել, թե որոնք են այդպիսիք, Ազգային հանձնաժողովը պարզաբանեց՝ վերահեռարձակման պայմանագրերը (ասել է թե՝ առանց կողմերի համաձայնության, դրանք հրապարակման ենթակա չեն): Բացի այս՝ ՀՌԱՀ-ը հրաժարվեց տրամադրել հեռուստաընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկների (CV) պատճենները՝ համարելով, թե դրանք անձնական գաղտնիք են պարունակում:

Քանի որ ԽԱՊԿ-ն մրցութային հայտերի, այդ թվում նաեւ՝ նշված փաստաթղթերի հիման վրա մտադիր էր պատրաստել փորձագիտական եզրահանգումներ՝ հեռուստաընկերությունների ստեղծագործական, ֆինանսա-տնտեսական եւ տեխնիկական հնարավորությունների, ինչպես եւ՝ աշխատակազմերի արհեստավարժության մակարդակի վերաբերյալ, ուստի դատական հայց ներկայացրեց՝ պարտավորեցնելու ՀՌԱՀ-ին տրամադրել հարցված տեղեկություններն ամբողջությամբ: Սակայն ընդամենը երկու կարճատեւ նիստ անցկացնելով (հունիսի 22-ին եւ սեպտեմբերի 13-ին)՝ վարչական դատարանը մերժեց առաջ քաշված պահանջները: Ընդ որում, ամենեւին հաշվի չեն առնվել ո´չ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ հեռուստաընկերությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության (հոդված 20), ո´չ հենց ՀՌԱՀ-ի՝ ժողովրդավար եւ հրապարակային գործունեության ապահովման (հոդված 37) վերաբերյալ եւ ո´չ էլ այն հանգամանքը, որ պահանջված փաստաթղթերը՝ համապատասխան հայտերի հետ միասին, արդեն ներկայացվել էին հանձնաժողովի՝ 2010 թ. դեկտեմբերին կայացած դռնբաց նիստում: Այսինքն՝ մրցույթի մասնակիցները դրանցում գաղտնիություն չեն տեսել: Բացի այս՝ ուշադրության չի արժանացել այն փաստը, որ չկա որեւ է իրավական ակտ, որը կսահմաներ, թե անձնական թերթիկը (CV) գաղտնի փաստաթուղթ է: Հակառակը՝ այն լայնորեն գործածվում է՝ համառոտ ներկայացնելու մասնագետի ստացած կրթությունը, մասնագիտական փորձը և հմտությունները: Նշանակություն չունեցավ նաեւ այն փաստարկը, որ լրագրողական համայնքը, գործունեության բնույթից ելնելով, պետք է առավելագույնս բաց լինի հանրության համար, եւ որ հարյուրավոր լրագրողների ու փորձագետների անձնական թերթիկները (CV) ներկայացված են Երեւանի մամուլի ակումբի կայքում:

Ըստ էության, վարչական դատարանի մոտեցման տրամաբանությունը տվյալ դեպքում հետեւյալն է. քանի որ պետական կառույցը համարում է, թե պայմանագրերը պարունակում են առեւտրային, իսկ անձնական թերթիկները (CV)՝ անձնական կյանքի գաղտնիքներ, իսկ նման փաստաթղթերի ստացումը, օգտագործումը եւ տարածումն օրենքով արգելված են, հետեւաբար տեղեկություն տրամադրելու՝ ՀՌԱՀ-ի մերժումը հիմնավորված է: Մինչդեռ դատարանը նույնիսկ չփորձեց բացահայտել, թե հարցված փաստաթղթերում արդյո՞ք իսկապես առկա են գաղտնի տեղեկություններ:

ԽԱՊԿ-ի իրավաբան Օլգա Սաֆարյանի կարծիքով՝ վարչական դատարանը ի պաշտոնե պարտավոր է պետական մարմնից պահանջել փաստաթղթեր, ստուգել ու վերլուծել փաստերը, համոզվել դրանց իսկության մեջ: Այս ամենը չի արվել: «Որոշումը կայացվել է պատասխանողի՝ «ազնիվ խոսքի» հիման վրա: Այսպիսով վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ նույնիսկ CV-ն գաղտնի փաստաթուղթ է համարվում»,- նշում է իրավաբանը:

Իսկ դատարանը հազիվ թե մտահոգված է բացասական նախադեպով, փոխարենը տուրք մատուցեց ձեւավորված այն տխուր ավանդույթին, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ ոչ մի հայց չպետք է բավարարվի տեղական ատյանում՝ անգամ օրենքի կոպիտ խախտում անելու դեպքում, ինչպես եղել է «Ա1+» հեռուստաընկերության պարագայում…

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

ԽԱՊԿ նախագահ

Share

, , , , , ,