«azatutyun.am», 19.10.2011

Ութ խմբագիրներ պահանջում են դադարեցնել վիճարկվող օրենքի կիրառումը

Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ այսօր հայտարարություն են տարածել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ վերջնական որոշում կայացնելը միջոցներ ձեռնարկել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարության տեքստը առանց էմոցիաների, որակյալ եւ գործնական գնահատեց, այն իմաստով, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն իսկապես թույլ է տալիս կասեցնել որեւէ օրենքի գործնական կիրառումը:

«Տվյալ պարագայում դա դիտվում է որպես դիմումի ապահովման միջոց: Մենք գիտենք, որ դատարանները կիրառել են լրատվամիջոցների դեմ հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց: Հիմա Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի ապահովման միջոց կարող է դա լինել», – նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

«Իսկապես դանակը հասել է ոսկորին», – ասում է Աշոտ Մելիքյանը: Նա չի բացառում, որ տեղի տալով խմբագիրների կոչին, սահմանադրական դատարանը կկասեցնի հոդվածի կիրառումը: Միեւնույն ժամանակ, սակայն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ընդգծում է, որ վստահ չէ, թե վիճարկվող դրույթները հակասահմանադրական են, ինչպես խմբագիրներն են պնդում:

«Ուղղակի այնտեղ ոչ հստակ ձեւակերպումներ կան, որոնք թույլ են տալիս սուբյեկտիվիզմի կիրառում, եւ այնտեղ պետք է անպայման այդ վերին շեմը իջեցնել, որովհետեւ այն չի համապատասխանում հայաստանյան լրատվամիջոցների ֆինանսական վիճակին», – պարզաբանեց Աշոտ Մելիքյանը` հավելելով, թե հակասահմանադրականը այն հաշվեհարդարն է, որ լրատվամիջոցների նկատմամբ տեսնում են քաղաքական գործիչները եւ օլիգարխները, եւ դատարանները, փոխանակ համակողմանի քննեն բոլոր փաստերը, «ուղղակի տուրք են տալիս այդ մարդկանց ֆինանսական եւ քաղաքական ուժին»:

Օմբուդսմենի որոշումը` դիմել Սահմանադրական դատարան Աշոտ Մելիքյանը դրական է գնահատում: Հիշեցնենք, 2009 թվականին Կարեն Անդրեասյանն ինքն էր նախաձեռնել զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնելու օրենսդրական փոփոխությունը:

«Ուղղակի, այն ժամանակ, երբ նախաձեռնվում էր այդ ամենը եւ փորձագետները ասում էին, որ կան լուրջ մտավախություններ, որ պատասխանողը լինելու է ոչ թե վիրավորողը եւ զրպարտողը, այլ ազատ խոսքի ջատագովը, այն ժամանակ ոչ մեկը չէր ուզում լսել: Ցավոք, մեր կանխատեսումները իրականացան», – հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Հատկանշական է, որ հայտարարությանը միացած բոլոր 8 տպագիր պարբերականների դեմ վիճարկվող հոդվածով դատական գործեր են հարուցվել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոտ օրերս հրապարակելու է երրորդ եռամսյակային զեկույցը. Աշոտ Մելիքյանն ասաց` դատական հայցերի ալիքը չի նվազել: Օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո տպագիր մամուլի դեմ ավելի քան 15 հայց է ներկայացվել:

Տես` http://www.azatutyun.am/content/article/24364554.html

Share