«Թերթ.am», 21.10.2011

Լրատվամիջոցներն իրենց անկախության համար իրենք պետք է պայքարեն. ԽԱՊԿ նախագահ

«Հայաստանյան մի շարք թերթերի խմբագիրները շատ ճիշտ քայլ են կատարել` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված դրույթները և դրանց դատական կիրառումը համարելով հակասահմանադրական, և իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն այդ դիմումին: Այն ոչ թե էմոցիաների վրա հիմնված փաստաթուղթ է, այլ շատ գործնական, որոշ լուծումներ պարունակող»,-հայտարարեց Խոսքի ազատության պաշտպնության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում:

Հիշեցնենք` «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «168 ժամ», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագիրները հայտարարություն են տարածել, որում նշում են, որ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

Հարցին` հավատո՞ւմ եք, որ ՍԴ-ն կբավարարի հայցը` Աշոտ Մելիքյանը պատասխանեց հարցով. «Իսկ ինչո՞ւ պետք է չբավարարի»: Ըստ նրա` ցանկացած ողջամիտ մարդ և ատյան դրության լրջությունը պետք է գնահատի և ուղիներ գտնի: ՍԴ-ն կարող է, համակողմանի մոտենալով ու գնահատելով իրավիճակը, լուծումներ առաջադրել:

«Առհասարակ ոչ ոք խոսքի և մամուլի ազատությունը սկուտեղի վրա չի դնում հասարակության, լրագրողների առջև, դրա համար միշտ պետք է պայքարել, լրատվամիջոցներն իրենց անկախության համար իրենք պետք է պայքարեն: Այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ ռեգրեսիվ օրինագծեր ի հայտ չեն գա: Մյուս կողմից` հանրությունը և լրատվամիջոցները պետք է հետամուտ լինեն, որ ընդունվեն միայն այնպիսի օրենքներ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն լրատվամիջոցների գործունեության համար»,- նշեց ԽԱՊԿ նախագահը:

http://tert.am/am/news/2011/10/21/press2/

Share