Վտանգավոր նախադեպի վարակ

Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը, հայաստանյան դատաիրավական համակարգում կիրառություն ստանալով, լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ դրսեւորվող ճնշումների հարմար գործիք դարձավ: Այդ իրավախախտումներին վերաբերող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթներում տեղ գտած անհստակ ձեւակերպումները նորանոր ընկալումների, տարընթերցումների ու դրսեւորումների առիթ են դառնում:

Մինչ վերջերս զարմանք ու տարակուսանք էր առաջացնում լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնող անձանց կազմը, որը, սակայն, ենթարկվում է որոշակի տրամաբանության: Նրանց նկատելի մասը ներկա ու նախկին քաղաքական գործիչներ եւ հայտնի գործարարներ են, ովքեր, այդ դատական գործընթացները նախաձեռնելով՝ նպատակ են հետապնդում լռեցնելու իրենց դույզն-ինչ քննադատողներին: Սակայն այժմ տեղի ունեցողը փոքր-ինչ դժվար է դասել թեկուզ նմանատիպ օրինաչափության շարքը:

Նշված օրենսդրական փոփոխությանը հաջորդած 30-ից ավելի դատական գործերին հետեւելիս՝ առանձնակի ուշադրություն է գրավում հայցվորների շահերի պաշտպաններից ոմանց գործելաոճը:

Հայտնի է «Հետքի» թղթակից Գրիշա Բալասանյանի եւ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ ծագած դատական վեճը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց լրագրողի բողոքն Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ, որով մերժվել էր լրագրողի հայցն իրեն հայհոյած պատգամավորի դեմ: Իսկ մինչ այդ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն էր մերժել Գրիշա Բալասանյանի դիմումը՝ պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Եվ ահա այս իրողությունը, պարզվում է, փաստաբաններից մեկը դիտարկում է որպես ընդօրինակելու արժանի:

Մասնավորապես՝ հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի եւ «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանություն» կրոնական կազմակերպության Սևանի մասնաճյուղի առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, ինչի արդյունքում, դատարանի վճռով, վերջինս մեղավոր ճանաչվեց լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու մեջ: Ահա այս գործով դատաքննությունների ընթացքում ամբաստանյալի դատապաշտպանն իր ճառում չի վարանում դատարանին հիշեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը «Հետքի» լրագրողի՝ հանցագործության մասին ներկայացրած հաղորդման վերաբերյալ՝ ասելով. «ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել լրագրողին հայհոյած ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ`գտնելով, որ նրա արարքում հանցակազմ չկա, նույն հիմքով եւ պետք է գործ չհարուցվեր Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ»:

Այսինքն՝ լրագրողին հայհոյել-վիրավորելը կամ ձեռքով հարվածելը, նրա աշխատանքը խափանելը պետք է ընդունել՝ որպես բնականոն վերաբերմունք, եւ ամեն գնով արդարացնել հայհոյողին, բռնություն գործադրողին: Թեեւ տվյալ պարագայում դատավճիռը համարժեք է արարքին, սակայն վտանգավոր է դատապաշտպանի դրսեւորած մտայնությունը: Եվ ահա, թե ինչու:

Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրեց, որ երրորդ անձի կարգավիճակով ներքաշված է դատական մի գործընթացի մեջ, որտեղ վիճաբանող կողմերը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնց բանավեճի համար թերթը, որպես ազատ հարթակ, իր էջերն էր տրամադրել՝ հավասար պայմաններով: Բայց ահա վիճաբանող կողմերից մեկի՝ ԱԻՄ կուսակցության հիմնադիր Պարույր Հայրիկյանի փաստաբանը, հայց ներկայացնելով ընդդիմախոս կոմունիստների դեմ, չի վարանում դատական վեճի մեջ ներքաշել լրատվամիջոցին՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Եվ սա այն դեպքում, երբ հայցվորն ինքը, պարզվում է, նույնիսկ տեղյակ էլ չէ հայցի բովանդակությանը եւ թերթի թղթակցի հետ զրույցում ասում է. «… Ձեզ հետ ես որեւէ խնդիր չունեմ: … Դա երեւի փաստաբանական աշխատաոճ է»:

Փաստորեն, վատ նախադեպի վարակը շատ հեշտ է տարածվում, զարմանալի է, բայց նույնիսկ՝ փաստաբանների շրջանում: Թերեւս, սրա վկայությունն է եւս մեկ արտառոց հայց՝ նույն «Հրապարակ» օրաթերթի դեմ: Այս անգամ հայցվորը ո´չ օլիգարխ է, ո´չ էլ քաղաքական գործիչ, այլ՝ փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով զրպարտություն եւ վիրավորանք է համարել օրաթերթի առցանց տարբերակում («hraparak.am») «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանի զո՞հ» հոդվածից հետո ընթերցողների գրառած մեկնաբանությունները: Եվ այս փաստաբանն իր պատվի արատավորման դիմաց թերթից փոխհատուցման գումարի պահանջ է ներկայացրել ոչ թե 3 կամ 6 միլիոն դրամի չափով, այլ՝ 18 միլիոն դրամի: Դատաքննության օրը նշանակված է նոյեմբերի 16-ին:

Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ, 27-րդ (1-ին, 2-րդ, 3-րդ մասեր) եւ 43-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Դժվար է կռահել, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը: Սակայն ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է, եւ շտապ լուծումներ է պահանջում:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

, , ,