22 Դեկ 2011 | «Առաջին էջ», Զեկույցներ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ
ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց
(հուլիս-սեպտեմբեր, 2011 թ.)
Լրատվամիջոցների գործունեության միջավայրը
2010 թվականից սկսած՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տարեկանից զատ, ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ տնտեսական միջավայրի եւ քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
2011 թ. երրորդ եռամսյակում խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրական դաշտում նկատելի իրադարձությունները երկուսն են: Մեկն առնչվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին, մյուսը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի նորմի, որը ՀՀ վճռաբեկ դատարանը կիրառել էր` «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս:
2011 թ. առաջին եռամսյակային զեկույցում ներկայացրել էինք, որ այս տարվա հունվարին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը լսողության խանգարում ունեցող «Լռության ձայն» խմբի անունից բաց նամակով դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ մտահոգություն հայտնելով այն առնչությամբ, որ Երեւանում գործող հեռուստաալիքների թվի` 22-ից 18-ի կրճատման արդյունքում` հայկական հեռուստաեթերում բացակայում են սուրդոթարգամանությամբ ուղեկցվող լրատվական հաղորդումները, ինչի հետեւանքով խախտվում է լսողության խնդիրներ ունեցող 3500 ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:
ՀՌԱՀ նախագահը պատասխան նամակում փորձել էր հիմնավորել, թե խախտված չէ խուլուհամր բնակչության՝ տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ հեռուստաալիքների լրատվական թողարկումներն ուղեկցվում են հայերեն լուսագրերով: Մինչդեռ լսողության խնդիրներ ունեցող անձինք եւ սուրդոթարգմանիչները նշում են լուսագրերով տեղեկություններ ստանալու անհարմարությունների մասին, մասնավորապես, այն, որ տեսողության ավելորդ լարվածություն առաջացնելուց զատ` «վազող տողը» չի համապատասխանում տվյալ պահին ցուցադրվող պատկերին եւ շփոթ է առաջացնում չլսող մարդկանց համար:
Ավելի ուշ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն նույնաբովանդակ բաց նամակով դիմեց նաեւ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբը ղեկավարող, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` խնդրելով «Հեռուստատեսության եւ ռադիայի մասին» օրենքի լրամշակված նախագծում փոփոխություններ կատարել լսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար: ՄԻՊ-ն այդ նամակը ուղարկել է ՀՀ կառավարություն, որն էլ հուլիսին կայացած քննարկումների ընթացքում հավանության արժանացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը:
http://khosq.am/?attachment_id=2463