Հայտարարություն (լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Երեւանի մամուլի ակումբը  վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ:

Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության եւ «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից:

Համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել այն պարագայում, երբ նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը եւ մուտք գործել տարբեր պետական ատյաններ, այդ թվում նաեւ՝ կառավարության շենք: Ավելին՝ այդ օրերին նա շփումներ է ունեցել ոստիկանության քննիչի հետ՝ օրինական պահանջ ներկայացնելով ճշտելու, թե ինչ կարգավիճակում են իրեն կանչում հարցաքննության: Լրագրողն այս մասին հստակեցում այդպես էլ չի ստացել: Մինչդեռ ոստիկանությունն իր պարզաբանումներում պնդում է՝ իբր պատշաճ կերպով ծանուցել է Հայկ Գեւորգյանին: Տպավորություն է առաջանում, որ միտումնավոր նախապայմաններ էին ստեղծվում՝ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով:

Եթե համադրենք կալանավորման փաստը եւ հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին Հայկ Գեւորգյանի մի շարք քննադատական հրապարակումները, ապա բավակաչափ հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ:

Պահանջում ենք անհապաղ փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան եւ ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: Իսկ երկրի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկելու՝ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները եւ ճնշումները բացառելու նպատակով:

Share

,