Կրկին հայհոյել են լրագրողին եւ խոչընդոտել աշխատանքին

Փետրվարի 25-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  ստացավ լրատվամիջոցի աշխատակիցների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հերթական ահազանգը:

«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ փետրվարի 21-ին՝ ժամը 17-ի մոտակայքում, երբ ինքը եւ օպերատոր Արմեն Ասատրյանը, Իջեւան քաղաքի ավագանու նիստի լուսաբանման նպատակով, գնացել են քաղաքապետարան, ընդունարանում նրանց ընդառաջ է եկել ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը եւ կոպտորեն հերքում պահանջել Նաիրա Խաչիկյանի պատրաստած ռեպորտաժի առնչությամբ, որը թողարկվել էր փետրվարի 16-ին, «Հ2» հեռուստաընկերությամբ: Նշված տեսանյութը վերաբերել է Իջեւանի փողոցներից ձնահեռացման աշխատանքների անբարեխիղճ կատարմանը. մասնավորապես` նշվել է, որ քաղաքի մայթերը մաքրված չեն: Վիճաբանության ընթացքում մոտեցել է ավագանու մեկ այլ անդամ՝ Վարդան Օրդինյանը եւ հարձակում գործել Նաիրա Խաչիկյանի ու Արմեն Ասատրյանի վրա: Նա, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով, վերջիններիս դուրս է հանել քաղաքապետարանի շենքից:

Ցավոք, առաջին անգամ չէ, որ պաշտոնատար անձը, մեղմ ասած, անբարեկիրթ վերաբերմունք է դրսեւորում լրատվամիջոցի ներկայացուցչի հանդեպ եւ խոչընդոտում նրա մասնագիտական գործունեությանը: Քաղաքային իշխանության ներկայացուցիչների համար, գուցե, տհաճ է, երբ մատնացույց են արվում նրանց աշխատանքի թերացումները: Բայց մի՞թե մեր պաշտոնյաներն ի վերջո չեն սովորելու հանդուրժող լինել քննադատության հանդեպ եւ սանձարձակ վարքագիծ դրսեւորելու փոխարեն, առողջ մոտեցում ցուցաբերել:

Հեռուստաընկերության տնօրենի փոխանցմամբ՝ ավագանու անդամների կողմից սպառնալիքները շարունակվում են մինչ օրս:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պաշտոնական նամակով այս ամենի մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Նույն բովանդակությամբ նամակ է ուղարկվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով այն համարել հաղորդում հանցագործության մասին (Քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդված):

ԽԱՊԿ-ն հետամուտ է լինելու իրադարձությունների զարգացմանը:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

, ,