Վճռաբեկ դատարանի որոշումը կդառնա՞ շրջադարձային

2012 թ. հունվար-մայիս ամիսներին չարձանագրվեց լրատվամիջոցների դեմ դատական նոր հայց վարույթ ընդունելու եւ ոչ մի փաստ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսիք 11-ն էին, եւ եւս 16 գործի դատավարություն շարունակվում էր 2010 թվականից սկսած։ Դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վիրավորանքին եւ զրպարտությանը վերաբերող 1087.1 հոդվածի կիրառությամբ են։ Նկատենք, որ այս տարվա ընթացքում ԽԱՊԿ-ի հաշվառած 2 նույնաբնույթ նոր դատական գործ վարույթ է  ընդունվել 2011 թ. տարեվերջին։ Հետաքրքրական միտումներ են նկատվում` արդեն ավարտված դատական գործերը ժամանակագրորեն վերլուծելիս։

Լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ այս հայցերի թիվը զգալիորեն աճեց հատկապես այն ընթացքում, երբ առաջին ատյանի դատարանները հաջորդաբար վճիռներ էին կայացնում` հօգուտ հայցվորների (նրանք շատ դեպքերում ներկա ու նախկին քաղաքական գործիչներ կամ հայտնի գործարարներ էին), իսկ վերադաս ատյանները մերժում կամ վերադարձնում էին բողոքարկումները, ինչի արդյունքում պատասխանող կողմը` լրատվամիջոցը, հայտնվում էր ծանր տնտեսական կացության մեջ, քանի որ պարտավորվում էր վճարել մի քանի միլիոն դրամի հասնող փոխհատուցում։

Նոյեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրեց հայտնի որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի առնչությամբ, եւ ներկայացրեց դրա  իրավակիրառությանը վերաբերող մոտեցումներ, որոնք կարող են կանխել կամ գոնե նվազեցնել դատարանների կողմից կողմնակալության դրսեւորումները։

Եվ երբ համեմատում ենք մինչ այս որոշումն ու դրանից հետո եղած իրավիճակները, մասնավորապես` այդ դատական գործերի թվաքանակն ու դատավարությունների արդյունքները, թերեւս կարելի է եզրակացնել, որ Սահմանադրական դատարանի որոշումը դրականորեն անդրադարձավ այդ գործընթացներին։

Այսպես` հայցվորի դերում հանդես եկողներից ոմանք վերանայեցին իրենց հայցապահանջները` դրանք համապատասխանեցնելով Սահմանադրական դատարանի որոշման դրույթներին։ Լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ հայց ներկայացրած` Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը նախապես պահանջած 1 մլն դրամի փոխհատուցումը փոխեց խորհրդանշական 1 լումայի։ Իսկ նույն լրագրողի դեմ հայց ներկայացրած` Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը նախապես պահանջած 2 մլն դրամի փոխհատուցումը փոխեց 200 000 դրամի։

Միաժամանակ` հանրությանը հայտնի այն գործիչները, ովքեր շատ հաճախ դժգոհություններ են ունենում լրատվամիջոցների քննադատական հրապարակումներից, ներկայումս ձեռնպահ են մնում միանգամից հայցով դատարան դիմելուց, սահմանափակվում են սպառնալիքով` թե կդիմեն դատարան (մամուլն այս տեղեկությունները պարբերաբար փոխանցում է)։ Եղան նաեւ արդեն իսկ դատարան ներկայացված հայցից հրաժարվողներ (քաղաքացի Արամ Չատինյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի)։

Լրատվամիջոցների ղեկավարներն էլ, իրենց գործընկերների դառը փորձն աչքի առաջ ունենալով, առավելապես հակված են վեճը հաշտությամբ լուծելու` երբեմն նույնիսկ դիրքերը զիջելու գնով։ Հիշենք հաշտությամբ հանգուցալուծված գործերից ամենամեծ աղմուկ հանածները. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ընդդեմ «Հրապարակի», Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտի», «Արմավիա» ավիաընկերությունն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության»։

Իսկ ահա դատական ատյանները, վճիռներ ու որոշումներ կայացնելիս, սկսեցին հաշվի առնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հղում կատարել դրան։ Բացի այս` 2011 թ. նոյեմբերի 15-ից հետո ընդհանուր իրավասության դատարանների վճիռներով մի շարք հայցեր մերժվեցին։

Սակայն ներկա պահին ամենահետաքրքրականը ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին երկու որոշումներն են, որոնք հուսանք` բեկում կմտցնեն լրատվամիջոցներին առնչվող դատական այս գործընթացներում։

Ապրիլի 27-ին Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց (որը հրապարակվեց մայիսին)՝ ի վնաս Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի, ով մոտ մեկ տասնյակ հայց է ներկայացրել ընդդեմ տարբեր համագյուղացիների (մեկ դեպքում` լրագրողի), եւ լրատվամիջոցները ներգրավված են որպես երրորդ անձ։ Այս գործով պատասխանողը Բորիս Աշրաֆյանն էր, իսկ երրորդ անձը` «Ժամանակ» օրաթերթը։

Նույն օրը նույն դատարանը քննության առավ նաեւ «Ժամանակ» օրաթերթի հիմնադրի բողոքը մեկ այլ գործի առնչությամբ, որի հայցվորն է ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանը (ընդհանուր իրավասության դատարանի վճռով թերթը պարտավորվել է հայցվորին վճարելու 510 000 դրամ փոխհատուցում)։

ՀՀ վճռաբեկ դատարանը թեեւ մերժեց այս գործով բերված բողոքը, սակայն վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ է, որ այս ատյանը վարույթ է ընդունում վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործին վերաբերող բողոքը եւ իր կայացրած դատական ակտում, շեշտելով, որ «դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն», կատարում է այդ  մեկնաբանումները` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչներին` խոսքի ազատության իրավունքի եւ դրա սահմանափակումների վերաբերյալ։

ՀՀ վճռաբեկ դատարանի այս 2 որոշումները` իրենց մեկնաբանություններով, համահունչ են Սահմանադրական դատարանի` 2011 թ. նոյեմբերի 15-ի որոշմանը։ Եվ այս երկու ատյանների նման քայլը չափազանց կարեւոր է։ Լրագրողական հանրությունը վաղուց էր սպասում նման հստակեցումների ու մեկնաբանությունների։ Չէ՞ որ վերջին 2 տարվա` վերը շարադրված իրադարձությունները ոչ միայն ֆինանսական հարված եղան լրատվամիջոցներին, այլեւ` բարոյական ու հոգեբանական։ Մինչդեռ, եթե դատական իշխանությունը 2011 թ. սկզբից այսպիսի մոտեցում ցուցաբերեր, ապա հայցերի հայտնի «արշավը» տեղի չէր ունենա` իր արտառոց դրսեւորումներով։

Իսկ այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին որոշումներն արդեն իսկ դրական ազդեցություն ունեն, ապացուցում է եւս մեկ գործի հանգուցալուծում։

«Hetq.am»-ի` մայիսի 30-ի տեղեկատվությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց արդեն բազմիցս հիշատակված Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ նույն լրատվամիջոցի լրագրող Ադրինե Թորոսյանի: Միաժամանակ` գյուղապետը պարտավորվեց հօգուտ լրագրողի վճարելու 150 000 դրամ` որպես փաստաբանական ծախսի փոխհատուցում:

Այս ամենը հերթական անգամ հաստատում է, որ կարեւոր է ոչ միայն լավ կամ հարաբերականորեն լավ գրված օրենքներ ունենալը, այլեւ ցանկությունը դրանք համարժեքորեն կյանքի կոչելու։

Աննա Ալոյան

ԽԱՊԿ փորձագետ

 

Share

, ,