Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն օրինաչա՞փ է

Անցած շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ կարճվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող    Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին` Աժ ընտրությունների օրը, երբ լրագրողը Երեւանի թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ է կատարել,  կադրում հայտնված մի երիտասարդ մոտեցել, հարվածել է Էլինա Չիլինգարյանի ձեռքին եւ փորձել խլել տեսախցիկը։ Սարքն ընկել է գետնին, քաշքշոցի արդյունքում լրագրողին դժվարությամբ հաջողվել է այդ երիտասարդին չհանձնել իր տեսասարքը, ավելին` նաեւ տեսանկարահանել իր հետ պատահած այդ միջադեպը։ Տեղի ունեցածի առիթով ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն։

Գործի վարույթը կարճելու որոշման տեքստում կարդում ենք. «Լրագրողը տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել»։ Այնուհետեւ մեկնաբանվում է, թե Հ. Համբարձումյան անվամբ անձը «չի գիտակցել եւ պարտավոր չէր գիտակցել, որ Էլ. Չիլինգարյանը լրագրող է եւ իրականացնում է մասնագիտական գործունեություն»։ Լրագրողի կատարած` միջադեպի ընթացքը պարզ ցուցադրող տեսանկարահանումը հանցագործության ապացույց չի համարվել։ Ապացույցների վերաբերյալ պարզապես ասված է. «Երրորդ անձի կողմից իր ձեռքին հարվածելու վերաբերյալ ցուցմունք է տվել միայն Էլ. Չիլինգարյանը։ Այդ դրվագով այլ ապացույց ձեռք չի բերվել»։

Մինչդեռ միջադեպի որոշ մանրամասներ պատմելիս` էլինա Չիլինգարյանը մեզ հայտնեց, որ ընտրատեղամասի բակում ինքը ընտրողներից հարցազրույցներ վերցնելիս` այդ անձանց ներկայացել է որպես լրագրող եւ այդ ընթացքում անխափան կատարել իր աշխատանքը։ Նախահարձակ եղած երիտասարդը հարցազրույցի մասնակիցներից չի եղել, հետեւաբար նրան ներկայանալու անհրաժեշտություն էլ չկար։ Այդ անձը տարածքում խմբվածներից մեկն է եղել, որ մոտեցել եւ երկու անգամ հարվածել է իր ձեռքին։

Ավաղ, առաջին անգամ չէ, որ ընտրությունների օրն արձանագրված` լրագրողի նկատմամբ բռնության փաստի քննության արդյունքում մեղավորները չեն հայտնաբերվում կամ չեն պատժվում։ Մասնավորապես` հիշենք, որ 2010 թվականին նույն պատճառաբանությամբ կարճվեցին 2010 թ. հունվարի 10-ին՝ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օրը տեղի ունեցած նույնաբնույթ փաստերով հարուցված գործերի վարույթները։ Այն ժամանակ տուժող լրագրողներն էին` Հայկ Գեւորգյանը («Հայկական ժամանակ» օրաթերթ) եւ Գոհար Վեզիրյանը («Չորրորդ ինքնիշխանություն»)։ Իսկ քրեական գործերը հանձնված էին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Ի դեպ, այս տարվա խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած երեք այլ միջադեպի առիթով հարուցված քրեական գործերը եւս ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում են։ Խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի, նույն ՀԸ-ի  լրագրող-օպերատոր Վարազդատ Պապիկյանի եւ «Մաքսինֆո» լրատվական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Ալեքյանի մասնագիտական գործունեությունը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեր ստացած տեղեկություններով` այս գործերով նախաքննության կատարումը դեռեւս շարունակվում է, կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան, միջոցներ են ձեռնարկվում հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Թե ինչպիսին կլինեն արդյունքները, ցույց կտա ժամանակը։

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

,