«1in.am», 20.04.2012

Քաղաքական գործիչները ընտրությունների վախից հետաձգում են ԶԼՄ-ների դեմ հաշվեհարդարը

2012 թվականի առաջին եռամսյակը, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար եղավ հարաբերական հանդարտության շրջան, թեև առանձին միջադեպերի հետևանքով իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր: Խոսքի ազատության պաշտպանության կոմիետի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2012թ. առաջին եռամսյակային զեկույցը (հունվար-մարտ), համաձայն որի` լրագրողների իրավունքների խախտումները, ըստ ԽԱՊԿ-ի, հետևյալ բնույթի են եղել` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, ճնշումներ և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ:

Որպես դրական միտում` Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ չեն գրանցվել ֆիզիկական բռնություններ: Ի դեպ, այս ցուցանիշը 2011 թ. նույն ժամանակահատվածում ևս 0 էր: Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել են ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 6 նոր փաստ, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների` 5 դեպք:

ԽԱՊԿ զեկույցն արձանագրել է, որ այս տարվա առաջին եռամսյակում առավել ակնհայտ է դարձել տպագիր լրատվամիջոցների ֆինանսատնտեսական ծանր վիճակը: Դա արտահայտվել է հետևյալ կերպ. դադարեց լույս ընծայվել «Հետք» շաբաթաթերթը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը դրամական օժանդակության խնդրանքով շարունակում է դիմել լրագրի առցանց տարբերակի` հայաստանյան և օտարերկրյա ընթերցողներին:
Աշոտ Մելիքյանի խոսքով` առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այս զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում վերը հիշատակված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դատական հայցերը` լրագրողների և լրատվամիջոցների դեմ, ակնհայտորեն նվազել են: Եթե 2011 թ. առաջին եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է 10 դատական հայց` մի քանի միլիոնի հասնող փոխհատուցման պահանջներով, ապա այս տարվա առաջին եռամսյակում միայն 1 նոր դատական հայց կա լրատվամիջոցի դեմ, և հայցվորն իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը վիճարկող հրապարակմամբ արատավորելու դիմաց դրամական պահանջ չի ներկայացրել, այլ միայն` հերքման:
Լրատվամիջոցներին վերաբերող իրավական դաշտում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կարևորում է այն փաստը, որ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին շրջանառության մեջ է դրել երեք լրագրողական կազմակերպությունների` Երևանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ մշակած օրինագիծը` «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների դեմ ճնշումների և ոտնձգությունների նվազմանը` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ինչ-որ առումով դա պայմանավորեց նախընտրական շրջանով, որի ընթացքում մեր քաղաքական գործիչներն ավելի զգուշավոր և ներողամիտ են դառնում:

http://www.1in.am/arm/armenia_right_76090.html

Share