2012-ի առաջին կիսամյակում նվազել են ԶԼՄ-ների նկատմամբ դատական գործերը. Աշոտ Մելիքյան
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերը նվազել են: Ներկայում դրանք 6-ն են` այն դեպքում, երբ 2011-ի առաջին կիսամյակին դատական նմանատիպ գործերը 14-ն էին: Այսօր Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2012 թ. երկրորդ եռամսյակային զեկույցը ներկայացնելիս այս մասին հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Բացի այդ, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակին արձանագրվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության երեք դեպք՝ կապված մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել Գյումրիում, մեկը՝ Երևանում: Հատկանշական է, որ 2012-ի առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել : Ինչ վերաբերում է տեղեկատվության ստացման և տարածման խոչընդոտմանը, ապա առաջին եռամսյակում գրանցվել է նմանատիպ 5, իսկ երկրորդ եռամսյակում՝ 10 դեպք»,- ասաց նա:
Աշոտ Մելիքյանը նկատեց, որ անհրաժեշտ է արմատապես փոխել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, քանի որ «եթերն ուղղակի անտանելի է»: «Բայց եթերը չպետք է շտկվի այն միջոցներով, որոնք թելադրված են մի շարք մտավորականների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-նամակում: Այնպիսի տպավորություն է, թե հեռուստաընկերությունները կախման մեջ են գործող իշխանություններից, մանավանդ` մասնավոր հեռուստաընկերությունները, որոնց խնդիրը բիզնեսն է: Մեր հեռուստաեթերում նկատելի են լճացման երևույթներ, որոնք կանխելու համար պետք է հրաժարվել սերիալներից ու տափակ հումորից»,- նկատեց նա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը որպես ընթերցող փաստեց, որ տպագիր մամուլը գնալով որակազրկվում է, ինչով պայմանավորված` թերթերի տպաքանակները նվազում են: