«Tert.am», 17.05.2012

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկատվության թափանցիկությամբ ակնհայտ զիջում է. պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակում է հետևել, թե տեղեկատվության թափանցիկության առումով ինչքանով են բաց աշխատում ՀՀ պետական մարմինները: Կոմիտեն այն ստուգելու համար հերթական մոնիտորինգն է անցկացրել թվով 52 պաշտոնական կայքերում:

Ստացված տվյալներն այսօր ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ մեթոդաբանության համաձայն կայքերը բաժանվել են երեք խմբի: «Առաջին խմբում ընդգրկվել են նախարարությունները և կառավարությանն առընթեր մարմինները, երկրորդ խմբում՝ մարզպետարանները և երրորդ խմբում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի կայքերը»,- նշեց նա և ավելացրեց, որ առաջին երկու խմբերը ներկայացվել են ռեյտինգային աղյուսակով, իսկ երրորդ խումբն ուղղակի առանց հերթականության՝ նշվել է, թե ինչքանով են թափանցիկ:

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ աղյուսակը կազմվել է հիմք ընդունելով 4 չափանիշներ՝ թե պահանջված տեղեկատվությունն առկա է, թե ոչ, ամբողջական է, թե ոչ, հաշվի է առնվել հրատապությունը և տեխնիկական մատչելիությունը:

Ըստ մոնիտորինգի առաջին խմբում լիդերը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է՝ 57,20%-ով, ապա՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն է՝ 48,36%-ով և երրորդ տեղում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքէջը՝ 48,21%-ով: 4-րդ հորիզոնականում է ԿԳՆ-ն՝ 46,47 % և ապա՝ Կենտրոնական բանկը՝ 45,12%-ով:

Կոմիտեի նախագահի գնահատականով՝ 45-50%–ը բավականին լավ ցուցանիշ է համարվում և բարձ ինֆորմացիոն թափանցիկության հավաստիք:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ վերջին 35-րդ տեղում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, իսկ նախավերջին տեղում՝ ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ մարզերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Սյունիքի մարզն է՝ 45,55%, ապա Արմավիրը՝ 35,52% և Կոտայքի մարզը՝ 34,20%-ով: Վերջին՝ տասներորդ տեղում է Վայոց Ձորի մարզի կայքէջը՝ 28,81%:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մարզային իշխանությունների կայքերից 10-ից 8-ի մոտ թափանցիկության աստիճանը, ի տարբերություն նախորդ տարվա, բարձրացել է։ Իջել է միայն Լոռու մարզի կայքէջը:

Երրորդ խումբը, թեև չի կազմվել ըստ վարկանշային աղյուսակի, սակայն ըստ տոկոսների, առաջին տեղում է ՀՀ դատախազությունը՝ 55,58%-ով, ապա ԱԺ-ն է՝ 45,07%-ով և հետո ՍԴ-ն՝ 42,02%-ով: Ըստ ներկայացված սխեմայի՝ տեղեկատվության թափանցիկության առումով ակնհայտ ետ է մնում ՀՀ նախագահի պաշտոնական կայքը՝ 28,91%, որին նախորդում է ՀՀ Երևանի քաղաքապետարանը՝ 41,42%:

Ի դեպ, Աշոտ Մելիքյանը նկատում է, որ կայքերի հիմնական թերություններից են թափուր տեղերի և դրանց լրացման կարգի բացակայությունը:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

http://tert.am/am/news/2012/05/17/ashot-melikyan/

Share