«Aravot.am», 23.05.2012

Հեռուստաընկերությունները մամուլի ասուլիսները նկարահանել են, բայց երբեմն չեն ցուցադրել

Որոշ հեռուստաընկերություններ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի ասուլիսները նկարահանել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ցուցադրել: Այդ մասին այսօր հայտնեց Խոսքի ազատութան պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ 2012-ի փետրվարի 15-ից մայիսի 4-ը Երեւանի մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման մոնիթորինգի արդյունքները ներկայացնելիս: Օրինակ՝ «Երկիր մեդիան» մինչեւ պաշտոնական քարոզչությունը, այսինքն՝ փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 8-ը նկարահանել է 27 ասուլիս, բայց ցուցադրել 23-ը: «Արմնյուզը» նկարահանել է 24-ը, ցուցադրել 20-ը: Հ1-ը, «Ա թի-վին» եւ «Շանթը» մեկական ասուլիս չեն լուսաբանել նկարահանումից հետո:

Պարոն Մելիքյանը նշեց, որ լուսաբանման առումով Հանրային հեռուստաընկերությունն ընդհանուր առմամբ բալանսը պահպանել է:

Մոնիթորինգ է անցկացվել նաեւ մամուլի ակումբների մասով եւ պարոն Մելիքյանի գնահատմամբ՝ «Մեծ հետաքրքրություն առաջացրեց ՄԱԱ-ում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, պակաս հետաքրքիր չի եղել նաեւ Վահան Հովհաննիսյանի ասուլիսը, Րաֆֆի Հովհաննիսյանինը: Այսինքն՝ եթե լիդերներն էին հանդես գալիս՝ հետաքրքրությունն ավելի բարձր էր»:

Փոխարենը, ԶԼՄ-ները պասիվ են լուսաբանել քաղաքական բանավեճերը, ինչը ըստ ԽԱՊԿ նախագահի, մեծապես պայմանավորված է նրանով, որ մեզանում դեռ քաղաքական բանավեճի կուլտուրան չի զարգացել եւ ԶԼՄ-ները մեծ սպասելիքներ չունեն այդ բանավեճերից:

«Հեռուստատեսությունում բազմակարծությունն ապահովելի էր»,- նշեց պարոն Մելիքյանը՝ ավելացնելով նաեւ, որ այնուամենայնիվ, մի շարք դեպքերում ընդդիմադիրի ասուլիսի լուսաբանումը մեկնաբանվում էր իշխանական գործիչների կողմից, որոնք քննադատում էին խիստ, իսկ հակառակը տեղի չէր ունենում: 9 դեպք է գրանցվել այդպիսի:

Մոնիտորինգի խմբի անդամներն այնպիսի տպավորություն են ստացել, որ ասես այն մի կենտրոնից, որտեղից ղեկավարվում են հեռուստաընկերությունները, կարծես թե հրահանգ են ստացել այս անգամ հավասար լուսաբանել:

Ամենաշատ ասուլիսների, մինչ պաշտոնական քարոզարշավը, մասնակցել են ՀՀԿ ներկայացուցիչները, իսկ քարոզարշավին պասիվացել են, մինչդեռ «Ժառանգությունը» երկու փուլերում էլ ակտիվ ասուլիսներ է տվել: ՀԱԿ-ը նույնպես շատ ասուլիսների է մասնակցել:

Հետեւելով, թե ինչպես են աշխատել ԶԼՄ-ները բուն ընտրությունների օրը՝ ամսի վեցին, ԽԱՊԿ արձանագրել է, որ «Առավոտի» լրագրողի աշխատանքն է խոչընդոտվել, «Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

http://www.aravot.am/2012/05/23/73469/

Share