«Aravot.am», 24.07.2012

Աշոտ Մելիքյան. Նախագահին ուղղված նամակը թաքնված գրաքննության մեթոդներ է պարունակում

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2012 թ. երկրորդ եռամսյակի զեկույցը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել էր լրատվամիջոցների նկատմամբ հարուցված 14 դատական գործ՝ այս տարվա առաջին կիսամյակի 6 դատական գործի փոխարեն: Պարոն Մելիքյանն արձանագրեց, որ առաջին կիսամյակը ներառում էր նաեւ ԱԺ ընտրությունները. «2008թ-ի ընտրությունների հետ համեմատած՝ լրագրողներն աշխատում էին ավելի բարենպաստ պայմաններում: Բայց վերջին ընտրությունների պարագայում իրավիճակը լարված էր, ինչի արդյունքում ավելացել էին լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները եւ ֆիզիկական բռնությունները»:

2012թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 0, ճնշումների՝ 6 եւ տեղեկություներ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 5, իսկ երկրորդ կիսամյակում՝ համապատասխանաբար 3, 10 եւ 10 դեպք:

ՀՀ նախագահին հեռուստաեթերի մաքրման պահանջով ուղղված նամակի շուրջ Աշոտ Մելիքյանն ասաց, որ հեռարձակման ոլորտը կախված է իշխանությունների հրահանգներից. «Դրա ապացույցն էր հանրային խորհրդի նիստը, որի ժամանակ նախագահը խոստացավ սեպտեմբերին ներկայացնել իրավիճակի բարելավման առաջարկներ: Կոմիտեն դեմ է նամակում առաջարկվող մեթոդներին, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են թաքնված գրաքննության փորձեր»:

Պարոն Մելիքյանի խոսքով՝ անհրաժեշտ է արմատապես փոխել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը. «Այն բազմաթիվ դրույթներով հակասում է միջազգային նորմերին: Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին պետք է պարտադրել կատարել իր գործառույթները եւ հետեւել, թե որքանով են հեռուստատեսությունները գործում օրենքի սահմաններում: Վերջիններս ստեղծագործական հարցերը կարող են եւ պետք է լուծեն ինքնակարգավորման ճանապարհով՝ էթիկայի սկզբունքներին համապատասխան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

http://www.aravot.am/2012/07/24/93894/

Share