«Hetq.am», 17.05.2012

ՀՌԱՀ-ի և արտակարգ իրավիճակների նախարարության կայքերն ամենաքիչ հագեցվածն են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոնիթորինգային խմբի օգնությամբ պարզել է պետական կայքերի մատչելիության և հագեցվածության աստիճանը: 52 ցուցանիշով առաջատարը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կրթության և գիտության նախարարությունը և Կենտրոնական բանկը: Մարզպետարաններից ամենաբովանդակ կայքը Սյունիքի մարզինն է: Ըստ հետազոտության արդյունքների` հագեցվածության տեսանկյունից ամենաաղքատը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և արտակարգ իրավիճակների նախարարության կայքերն են: Հետազոտողներն օգտագործել են Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվության ազատության ինստիտուտի մեթոդաբանությունը` տեղայնացնելով այն: Ուսումնասիրության է  ենթարկվել 52 կայք: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, լրագրողներին ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները, նշեց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն` պետական մարմիններն իրենց գործունեության մասին տեղեկատվությունը պարտավոր են հանրամատչելի դարձնել, բացառությամբ պետական գաղտնիքների: Հետազոտող խումբն ուսումնասիրած կայքերը բաժանել է երեք կատեգորիաների: Նախարարությունների, կառավարությանն առընթեր կազմակերպությունների և մարզպետարանների կայքերի հետազոտության արդյունքները գնահատվել են ռեյտինգային աղյուսակով, օգտագործվել է շուրջ 47 չափանիշ, որոնցից կարևորագույներն են`

1. տեղեկատվությունն առկա է, թե` ոչ,

2. ամբողջական է այն, թե` ոչ,

3. տեղադրված է ըստ հրատապության, օպերատիվ է, թե` ոչ

4. մատչելի է, թե` ոչ:

Քանի որ երրորդ խմբում ներառված կայքերը` ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը չէին ենթարկվում աղյուսակային դասակարգման, ուղղակի գնահատվել է դրանց թափանցիկությունը և հագեցվածությունը: Պաշտոնական կայքերին, չնայած դրանց հագեցվածության երբեմն նույնիսկ բարձր մակարդակին, բնորոշ են մի շարք թերություններ: Դրանցից կարևորներն են`

  • Թափուր տեղերի և դրանց լրացման կարգի մասին տեղեկատվության բացակայություն:
  • Բյուջետային գումարների ծախսման մասին տեղեկատվության բացակայություն:
  • Պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների մասին տեղեկատվության բացակայություն:

Հետազոտությունն իրականացրած խմբի դիտարկմամբ պաշտոնական կայքերը տարեցտարի ավելի են հագենում տեխնիկապես, ինչպես նաև բովանդակային առումով և կարող են պետություն-հասարակություն կապի համար օպտիմալ հարթակ ծառայել:

Նարեկ Ալեքսանյան

http://hetq.am/arm/news/14517/hrah-i-ev-artakarg-iravitchakneri-nakhararutyan-kayqern-amenaqich-hagecvatsn-en.html

Share