ԽԱՊԿ. Այդ տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 23 նոր խախտում
ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական միջավայրի ազդեցության առումով` նախորդ տարիներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) նկատել է այն օրինաչափությունը, որ համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները նկատելիորեն աճում են։
Այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության և 4 տեղեկատվություն ստանալուն ու տարածելուն խոչընդոտող միջադեպով։ Թեև 2008 թ. ընտրությունների համեմատ` իրավիճակն ավելի մեղմ էր, այնուամենայնիվ, նկատելի է, որ 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ` երկրորդ եռամսյակում, որը ներառում է ընտրական շրջանը, ԶԼՄ-ների գործունեության պայմանները բարդացան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2012թ.-ի 2-րդ եռամսյակի զեկույցը, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 23 նոր խախտում. ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ` 3 դեպք, ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ` 10 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ` 10 դեպք:
Ինչ վերաբերում է լրագրողների և լրատվամիջոցների դեմ (այդ թվում նաև` որպես երրորդ անձ) վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերին, Ա. Մելիքյանը նշեց, որ այս տարվա երկրորդ եռամսյակում սկսվել է 5 նոր գործի դատավարություն, որոնցից մեկը դատական վարույթ է ընդունվել 2011 թ. տարեվերջին։ Իսկ ամբողջ առաջին կիսամյակում, ինչպես արդեն նշել ենք լրատվամիջոցների գործունեության միջավայրը ներկայացնելիս, այս գործերը 6-ն են, դրանցից 2-ը դատական վարույթ է ընդունվել 2011 թ. տարեվերջին։
Աղբյուր` Panorama.am
http://www.panorama.am/am/society/2012/07/24/ashot-meliqyan/