Հեռուստաալիքներն ապացուցեցին, որ կարող են ապահովել բազմակարծություն. ԽԱՊԿ
Փետրվարի 15-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերի հրավիրած մամուլի ասուլիսների հեռուստաեթերի լուսաբանումը փաստում է այն մասին, որ հայաստանյան հեռուստաընկերությունները կարող են ապահովել հավասարակշիռ լուսաբանում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Այս քարոզարշավի ժամանակ, իսկապես, հեռուստաընկերությունները ցույց տվեցին, որ կարող են ապահովել բազմակարծություն՝ իրենց եթերում: Եթե նախընտրական ժամանակահատվածում այդ բազմակարծությունը չկար, դրա պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա»,- նկատեց Մելիքյանը:
Վերջինս այն տպավորությունն է ստացել, թե կարծես.«Մի կենտրոնից, որտեղից սովորաբար ղեկավարում են հեռուստաընկերությունները, այս անգամ հրահանգ էր տրված, որ պետք է հավասարակշիռ լուսաբանում լինի»:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ ուսումնասիրվել են այդ ժամանակահատվածում «Փաստարկ», «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Ուրբաթ», «Իրատես դե ֆակտո» «Պոստ Սկրիպտում», առանձին դեպքերում նաև Մամուլի ազգային ակումբների կազմակերպած ասուլիսները, ուր հյուրընկալվել են քաղաքական և հասարակական գործիչներ:
Հեռուստաընկերություններից ընտրվել են հասարակական, քաղաքական ծրագրեր և լուրերի թողարկումներ ունեցողները` «Ար», «Արմենիա TV», «Արմնյուզ», «ATV», «Երևան», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հ1, Հ2 և «Շանթ» հեռուստաընկերությունները: Այս ընթացքում, Մելիքյանի խոսքով, տեղի է ունեցել 90 ասուլիս:
Վերջինս նշեց, որ ուսումնասիրության փուլը բաժանվել է 2 մասի` փետրվարի 15-ից ապրիլի 8-ը, և դրանից հետո մինչ մայիսի 4-ը:
Նախընտրական առաջին փուլում, Մելիքյանի խոսքով, ընտրություններին մասնակից ինը կուսակցություններից ամենաակտիվը եղել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ հրավիրելով 14 ասուլիս:
«Երկրորդ փուլում իրավիճակը փոխվեց. ՀՀԿ-ն կտրուկ նվազեցրեց իր ասուլիսների քանակը, հասցնելով երկուսի, ի տարբերություն ընդդիմության, որը և՛ առաջին, և՛ երկրորդ փուլում ակտիվ էր»,-նկատեց նա:
Հեռուստաընկերություններից առաջին փուլում ամենաակտիվը եղել է Հ2-ը՝ լուսաբանելով 31 ասուլիս, այնուհետ՝ «Երկիր Մեդիան»,
«Արմնյուզը», «Կենտրոն»-ը, «Արմենիա TV»-ն, իսկ երկրորդ փուլում ամենից ակտիվը եղել է «Արմենիա TV»-ն` 23 ասուլիսների լուսաբանմամբ:
«Ուշադիր հետևում էինք Հ1-ի լուսաբանմանը, քանի որ օրենքով է այս հեռուստաընկերությանը պարտադրվում ապահովել բազմակարծություն: Հ1-ն ամենաակտիվը չէր, բայց անդրադարձել է բոլոր ասուլիսներին ու պահպանել բալանսը»,– ավելացրեց նա:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ ուսումնասիրության ժամանակ նկատվել է նաև, որ չնայած ասուլիսները նկարահանվել են, սակայն չեն ցուցադրվել եթերում: Իսկ ասուլիսի լուսաբանումը հաճախ, ըստ Մելիքյանի, կախված է եղել նրանից, թե ովքե՞ր են եղել լրագրողների հետ հանդիպման հրավիրված հյուրերը:
Այս առումով, ամենից շատ լուսաբանվել են կուսակցության առաջնորդների կամ համամասնական ցուցակի առաջին հնգյակը զբաղեցրած քաղաքական գործիչների ասուլիսները:
Մելիքյանի խոսքով, մեծ հետաքրքություն են առաջացրել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ասուլիսները:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ գրանցվել է մի տարօրինակ փաստ. պարզվել է, որ ընտրված լրատվամիջոցները քիչ են այցելել բանավեճ–ասուլիսների:
«Սա վկայում է մասին, որ բանավեճի կուլտուրան չի կայացել և լրագրողները մեծ սպասումներ չունեն բանավեճերից»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:
http://tert.am/am/news/2012/05/23/monitoring-tv/