«A1plus», 22.10.2012

Լրագրողների իրավունքների խախտման 16 դեպք

Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» արձանագրել է լրագրողների իրավունքերի խախտումների 16 դեպք։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով կոմիտեի եռամսյակային տվյալներն, ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Դրանցից մեկը ֆիզիկական բռնության դեպք է, 9-ը՝ ճնշումներ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցերի նկատմամբ և 6-ը՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ»։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ, ըստ իրենց հետազոտությունների, ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ ճնշումները սաստկանում են, և այս ՏԻՄ ընտրությունները բացառություն չէին. «Քարոզարշավի ժամանակ արձանագրվել է 5 դեպք, մեկը՝ ֆիզիկական բռնություն և 4-ը՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ»։

Աշոտ Մելիքյանն ասաց նաև, որ 2012 թվականին առանձնահատկությունն այն է, որ պակասել է լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի քանակը. «Եթե 2011 թվականիին ունեցել ենք 25 հայց, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք 10 հայց»։

Անդրադառնալով հեռուստաեթերի ազատությանը՝ կոմիտեի նախագահը նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի հավասար լուսաբանումը պատահական չէր և պարտադրված էր հեռուստաընկերություններին. «Մենք կրկին կոտրած տաշտակի առջև ենք հայտնվել, և բազմակարծության տպավորությունը միանգամից անցավ»։

http://www.a1plus.am/am/social/2012/10/22/ashot-melikyan

Share