«Aravot.am», 22.10.2012

Աշոտ Մելիքյան. Հետազոտությունները ապացուցել են, որ ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է

«2-րդ եռամսյակը ներառում էր խորհրդարանական ընտրությունները, իսկ 3-րդը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:  Մեր հետազոտությունների համաձայն, ընտրությունների ժամանակաշրջանում ճնշումները սաստկանում են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ: Ցավոք սրտի այս ընտրություններն էլ բացառություն չդարձան եւ սեպտեմբերի 9-ին եւ 21-ին քարոզարշավի ժամանակ  արձանագրվեց  5 դեպք, որից մեկը ֆիզիկական բռնություն է,մնացած  4-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԽԱՊԿ 2012թ. 3-րդ եռամսյակային զեկույցը /հուլիս-սեպտեմբեր/ Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին», ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա համոզմամբ 2012 թվականի առանձնահատկություններից մեկն այն է, որ նվազել են լրատվամիջոցների դեմ ներկայացվող  հայցերի քանակը: Եթե 2011թ.-ի 9 ամիսների ընթացքում  դատարան է ներկայացվել 25 հայց՝ ընդդեմ լրատվամիջոցների, ապա այս տարվա 9  ամիսների ընթացքում արձանագրվել են 10 հայցեր: 10 հայցերից 4-ը արձանագրված են 3-րդ եռամսյակում:
«Սովորաբար  զեկույցներում մենք ունենք մեր դասակարգումը՝ ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, ճնշումներ լրատվամիջոցների ու աշխատակիցների նկատմամբ եւ  տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտում: Այս ժամանակաշրջանում արձանագրվել է մեկ դեպք, որը տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ Գյումրիում «Ցայգ» հեռուստաընկերության հանդեպ 34/73 ընտրատեղամասում կիրառվել է ֆիզիկական բռնություն»,-ասաց պրն. Մելիքյանը:

Սեպտեմբերի 9-ը եւ 23-ը առատ էին, արձանագրվել են բազմաթիվ ճնշման եւ բռնության դեպքեր: Երրորդ եռամսյակում արձանագրվել եւ հայտնաբերվել են 16 խախտում՝ 1-ը ֆիզիկական բռնություն, 9- ը ճնշումների՝ ԶԼՄ-ների եւ աշխատակիցների նկատմամբ եւ 6 միջադեպ՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում:

Բանախոսի խոսքով, նրանք փոքր բաժին են հատկացնում լրատվամիջոցների գործունեության հետ կապված այլ իրադարձություններին.

«Երրորդ եռամսյակի պարագայում դա մեկն է, բայց շատ կարեւոր՝  մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է «Հայկական ժամանակ»-ի  հայցն ընդդեմ «Հայաստանի Հանրապետության», որը կապված էր 2008 թ.-ի մարտի 1-ից 20-ը հայտարարված արտակարգ իրավիճակում թերթի լույս չընծայման հետ:  «Հայկական ժամանակ»-ը պահանջում էր 9 միլիոն դրամ՝ լույս չտեսնելու համար, 20000 եվրո՝ որպես բարոյական վնաս եւ 10000 եվրո՝ որպես փաստաբանական ծառայությունների ծախսեր: Եվրոպական դատարանը ընդունել է եւ ինչ որոշում էլ, որ կայացնի, մենք կհետեւենք այդ գործընթացին»:

Պրն. Մելիքյանը նշեց, որ հեղինակային իրավունքների խախտումներ եղել են եւ շատ, իսկ հետազոտությունները ապացուցել են, որ ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է.

«Սովորաբար իրավիճակը ալիքաձեւ է ընթանում, լինում են հանդարտ եւ ծանր ժամանակաշրջաններ: 2011 թ.-ին ֆիզիկական բռնությունների քանակը նվազել էր, սակայն ավելացել էր դատական հայցերի քանակը: Լրատվամիջոցների ղեկավարներից մեկը ինձ ասաց, որ ավելի լավ է իր գլուխը ջարդեն, քան թե 3 միլիոն դրամ տուգանեն: Հանգամանքները տարբեր են լինում: Առաջին եռամսյակը հանդարտ էր, բայց ահա եկան ընտրությունները եւ եղան բռնություններ եւ ճնշումներ: Ամեն եռամսյակ իր յուրահատկություններն ունի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

http://www.aravot.am/2012/10/22/122458/

Share