«Hra.am», 22.10.2012

Ընտրություններին ԶԼՄ–ների դեմ ճնշումները սաստկանում են. փորձագետ

Այս տարվա հուլիս–սեպտեմբեր ամիսներին խոսքի և մամուլի ազատության վիճակը Հայաստանում եղել է փոքր–ինչ լարված։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է խախտման 16 դեպք։ 

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության, ԶԼՄ–ների և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2012թ. երրորդ եռամսյակի զեկույցը։

Այս տարվա հուլիս–սեպտեմբեր ամիսների ընթացքում ԽԱՊԿ–ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման 16 դեպք, որոնցից մեկը՝ ֆիզիկական բռնության, 9-ը՝ լրագրողների և ԶԼՄ–ների նկատմամբ ճնշումների և 6-ը տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խախտումների ընդհանուր թիվը 3-ով ավելացել է, սակայն խորհրդարանական ընտրություններին համընկած նախորդ եռամսյակի համեմատ՝ 7-ով նվազել։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ սովորաբար սաստկանում են, և այս ընտրություններն էլ բացառություն չեղան»,– նշեց Աշոտ Մելիքյանը։

Սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ԽԱՊԿ–ն արձանագրել է 5 խախտում, որոնցից 1-ը՝ ֆիզիկական բռնության, մյուս 4-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր  էին։

Ֆիզիկական ճնշում է եղել «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ. Գյումրու 34/73 ընտրատեղամասում նրան քաշքշել են, ապտակել, փորձել են տեսախցիկը ձեռքից վերցնել։

Համեմատելու համար նշենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԽԱՊԿ–ն ֆիզիկական բռնության 3 դեպք էր արձանագրել։

Նախորդ եռամսյակում «Ա1+»–ը հնարավորություն ստացավ 20 րոպեով եթեր հեռարձակվել «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ։ «Որոշ մարդիկ կարող են համարել, որ սա հանդուրժողականություն է իշխանությունների կողմից ազատ խոսքի նկատմամբ։ Մենք համարում ենք, որ սա բավարար չէ, որպեսզի հայաստանյան հեռուստաեթերը ապահովված լինի բազմակարծությամբ։ Առավել ևս, մենք չենք համարում, որ սրանով լուծված է «Ա1+»–ի խնդիրը»,– նշեց ԽԱՊԿ ղեկավարը։

Նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է ԶԼՄ–ների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացված հայցերի թիվը։

2012թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԶԼՄ–ների դեմ ներկայացվել է 4 հայց, որից մեկում 9-ը լրատվամիջոցներ ներգրավված են որպես երրորդ կողմ։

Այս տարվա ինն ամիսների ընթացքում ԶԼՄ–ների դեմ ներկայացվել է 10 հայց, նախորդ տարվա 25-ի փոխարեն։ Ընդ որում, դրանցից 2-ը վարույթ է ընդունվել 2011-ի վերջին, բայց դատավարություններն սկսվել են այս տարի։

ԽԱՊԿ–ը նախորդ եռամսյակում որպես խախտում է արձանագրել նաև Գյումրի քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրիֆինգի ժամանակ տեղական լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման փաստը։ Այդ միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարություն էին տարածել վեց լրագրողական կազմակերպություններ։

«Նախագահի աշխատակազմի այն հիմնավորումը, որ տեղը փոքր էր, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը և համոզիչ չէ։ Դա, մեր գնահատմամբ, խտրականություն է, և պետք է այս պրակտիկային վերջ տալ»,– նշեց Աշոտ Մելիքյանը։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am

http://hra.am/hy/events/2012/10/22/press

Share