«Pastinfo.am», 22.10.2012

Վիրավորանքի եւ զրպարտության հիմքով դատական գործերը 4 են

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին զեկույցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

2012թ. երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 16 խախտում, նախորդ եռամսյակում դրանց թիվը եղել է 23-ը:

«2012թ. երրորդ եռամսյակը ներառող ՏԻՄ ընտրությունների առնչությամբ արձանագրվել է 5 միջադեպ, որոնցից 1-ը եղել է ֆիզիկական բռնություն, իսկ 4-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտում»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ իրավիճակը մեղմացել է, սակայն ՏԻՄ ընտրությունների շրջանում գրանցված տվյալների հաշվին նկատվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր թվաքանակի աճ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ:

2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում վիրավորանքի և զրպարտության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիմքով դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների դեմ նվազել են:

2012թ. երրորդ եռամսյակում, ինչպես և 2011թ. նույն ժամանակահատվածում, արձանագրվել է ֆիզիկական բռնության մեկ դեպք, ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումների քանակը նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 12, իսկ այս տարի 9-ը, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումներ նախորդ տարի նույն ժամանակահատվածում չեն եղել, մինչդեռ քննարկվող ժամանակահատվածում դրանց թիվը եղել է 6:

«Լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերն այս տարվա երրորդ եռամսյակում 4 են»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքների խախտմանը, ապա Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենք այդպիսի խախտումներ չեն արձանագրել, պետք է լինի բողոք տվյալ լրատվամիջոցի կողմից, որ խախտում արձանագրվի:

«Բայց ենթադրաբար պետք է ասեմ, որ հեղինակային իրավունքների խախտումներ եղել են և շատ, այդպիսի խախտումներ լինում են առցանց լրատվամիջոցներում, երբ մեկը մյուսից առանց ստորագրելու և առանց հղում կատարելու օգտագործում են նյութերը»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Փաստինֆո

http://www.pastinfo.am/hy/node/2592

Share