«Tert.am», 22.10.2012

Վերջին 3 ամսում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 16 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

2012թ-ի 3-րդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ԶԼՄ-ների իրավունքների խախտման 16 դեպք է գրանցվել, ինչը երեքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հղում անելով կոմիտեի եռամսյակային զեկույցին:

Դեպքերի ավելացումը Աշոտ Մելիքյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Այս տարի դեպքերի քանակն ավելացել է այն պատճառով, որ սեպտեմբեր ամսին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Իսկ ընտրությունների ժամանակ միշտ էլ դեպքեր գրանցվում են: Իսկ նախորդ տարի ընտրություններ չկային, ամեն ինչ խաղաղ էր»,- ասաց նա:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ այդ օրերին գրանցվել է լրատվամիջոցների իրավունքների խախտման 5 դեպք, որոնից 1-ը՝ ֆիզիկական բռնություն էր, իսկ մյուս 4-ը՝ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում:

«Իրավիճակը մեղմ էր՝ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած: Այն ժամանակ գրանցվել էր 7 միջադեպ: Պետք է նշել, որ 2011թ-ի համեմատությամբ ինչպես այս ժամանակահատվածում, այնպես էլ տարեսկզբից պակասել են լրատվամիջոցների դեմ դատական հայցերը՝ վիրավորանքի և զրպարտության համար»,- նշեց նա։

Աշոտ Մելիքյան նաև տեղեկացրեց, որ 2011թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում լրատվամիջոցների դեմ վարույթ է ընդունվել 25, իսկ 2012թ-ի նույն ժամանակամիջոցում՝ 10 դատական գործ:

Աշոտ Մելիքյանը եռամսյակի նշանակալի իրադարձություն համարեց «Ա1+» հեռուստաընկերությանը «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ 20 րոպեանոց եթերի տրամադրումը:

«Որոշ մարդիկ սա կարող են համարել հանդուրժողականություն ազատ խոսքի նկատմամբ, բայց մենք չենք համարում, որ այսքանով «Ա1+»-ի հարցը լուծված է: Այն դեռ կշարունակի իր պայքարը՝ լիարժեք եթեր ստանալու իրավունքի համար»,- ասաց նա:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

 

http://www.tert.am/am/news/2012/10/22/zlm-khosqi-azatutyun/

Share