Երկու տարբեր մոտեցում` նույնանման հայցերին

Լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատավարությունների` ԶԼՄ-ի համար նպաստավոր ընթացքը հաճախ պայմանավորված է հենց լրատվամիջոցի սկզբունքայնությամբ ու հետեւողականությամբ: Այս տեսանկյունից հետաքրքրական է երկու լրատվամիջոցի` «News.am» լրատվական-վերլուծական գործակալության եւ «Առավոտ» օրաթերթի մոտեցումների համեմատությունը` Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի (ՀԱՍԿ) հետ տեղեկատվական վեճի առնչությամբ:

«News.am» լրատվական-վերլուծական գործակալության հիմնադրի դեմ ՀԱՍԿ-ի հայցով գործը՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով, դատական վարույթ է ընդունվել դեռեւս 2010 թ. դեկտեմբերի 27-ին։ Հայցվորը վիճարկում է 2010 թ. նոյեմբերի 23-ին «News.am» կայքում տեղադրված «Սրտի արատով հիվանդին Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերնագրով հոդվածը: Հրապարակմամբ տարածված տեղեկությունները կայքի թղթակցին էր հայտնել քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը: Նրա խոսքով` բժշկական կենտրոնում իրեն խաբել են եւ 10-ամյա շահագործման ժամկետ ունեցող էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ տեղադրել մեկ այլ` էժանագին սարք: Իսկ հայցվորը համարում է, որ «News.am» լրատվական գործակալությունն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը, եւ ԶԼՄ-ից պահանջում է վճարել 2 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաեւ՝ նույն կայքում հրապարակել հերքում:

Մոտ երկու տարի ձգված դատական այս գործընթացը դեռեւս շարունակվում է. հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 30-ին, որը, հավանաբար, կլինի վերջինը՝ վճիռ կայացնելու համար։ Սակայն մինչ այդ՝ հոկտեմբերին տեղի ունեցած լսումների ընթացքում հետաքրքրական զարգացումներ եղան։ Պատասխանող կողմի միջնորդությամբ որպես վկա հրավիրված Հովհաննես Կաթրջյանը հաստատել է կայքի թղթակցին իր հայտնած տեղեկությունների իսկությունը։ Բացի այս՝ նա դատարանին է ներկայացրել որոշում՝ իր դիմումի հիման վրա Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի այն ժամանակվա տնօրեն Սմբատ Ջամալյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցված այս գործը Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով է, որը վերաբերում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Ընդ որում՝ ներկայումս Սմբատ Ջամալյանը հետախուզման մեջ է։ Բացի այս՝ Հովհաննես Կաթրջյանը դատարանին ներկայացրել է քրգործի շրջանակում կատարված բժշկական փորձաքննության արդյունքին վերաբերող փաստաթուղթ, որով արձանագրվել է, որ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի բուժաշխատողների տեղադրած էլեկտրակարդիոխթանիչը ոչ թե 10, այլ 5 տարվա շահագործման ժամկետ ունի, որը բժշկական կենտրոնին վճարված գնից ավելի էժան է:

Քաղաքացիական գործի այս ընթացքը, թերեւս, նախանշում է հայցվոր կողմի պարտությունը։ Մեզ հետ զրույցում դա հաստատեց նաեւ «News.am»-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը։ Ըստ նրա՝ հայցապահանջն իրավաչափ չէ. վիճարկվող հրապարակումը չի պարունակում ո՛չ որեւէ վերլուծություն, ո՛չ էլ՝ գնահատող դատողություն, եւ լրագրողը բարեխղճորեն ներկայացրել է այն անձի հայտնած տվյալները, ում հետ տեղի է ունեցել դեպքը։ Լրատվամիջոցի ներկայացուցիչն իր այս դիրքորոշումը փաստարկում է նաեւ այն հանգամանքներով, որ նախկին տնօրենի նկատմամբ հարուցված է քրեական գործ, եւ որ նա հետախուզման մեջ է:

«News.am»-ի դեմ այս դատական գործի ընթացքն առիթ է տալիս վերհիշելու նույն խնդրի առնչությամբ նույն սրտաբանական կենտրոնի վեճը «Առավոտ» օրաթերթի հետ։ Հովհաննես Կաթրջյանի հայտնած նույն տեղեկությունների հիման վրա «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ նյութ էր հրապարակել՝ «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» վերնագրով (13.11.2010 թ.): Այս գործի դատաքննությունն ավարտվեց կողմերի հաշտության համաձայնությամբ, ըստ որի՝ «Առավոտ» օրաթերթը 2011 թ. հոկտեմբերի 4-ին տպագրեց հերքում եւ Սմբատ Ջամալյանի պատասխանը։  Իսկ նույն տարվա դեկտեմբերի 7-ին վերջինիս նկատմամբ հարուցվեց վերը նշված քրեական գործը:

Չշտապե՞ց, արդյոք, «Առավոտը»` հաշտության համաձայնություն կնքելով եւ հերքում տպագրելով: Չէ՞ որ ԶԼՄ-ների դեմ հայցերի քանակը, բացի այլ հանգամանքների ներգործումից, զգալիորեն կարող է նվազել նաեւ հենց ԶԼՄ-ի՝ իր իրավունքի պաշտպանության մեջ հետեւողականություն դրսեւորելու՝ դիրքերը չզիջելու արդյունքում։ Ի վերջո, հայցվորներն էլ, նախքան ԶԼՄ-ի դեմ պահանջներ ներկայացնելը, պետք է լրջորեն մտմտան:

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

, ,