«Lragir.am», 3.12.2012

Ամենաթույլը նախագահի կայքն է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրել է պետական կայքերի ուսումնասիրությունը՝ կատարված 177 չափորոշիչով /որոնցից 150-ը բովանդակային են, 27-ը տեխնիկական/:

Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով`փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը` օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Այս տարի ուսումնասիրվել է 52 կայք, որոնք պայմանականորեն երեք խմբի են բաժանել, առաջինը` նախարարությունները և կառավարության առընթեր մարմիններն են, երկրորդում` տասը մարզպետարանները, երրորդ խմբում`ՀՀ նախագահի, ԱԺ-ի, ՀՀ կառավարության, ՀՀ դատախազության, քաղաքապետարանի, ՄԻՊ-ի կայքերը:

Ըստ Աշոտ Մելիքյանի, այս հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ պետական կայքերի մեծամասնությունը բարելավվել է իրենց աշխատանքը:

Առաջին տեղում, ըստ վարկանիշային աղյուսակի, տարածքային կառավարման նախարարությունն է, որը նախորդ անգամ էլ առաջինն է եղել, երկրորդում արդարադատության նախարարությունն է, երրորդ տեղում` միգրացիոն պետական ծառայության կայքը:

Առաջին երկու տեղերը գրավողները հատել են 60 տոկոսանոց թափանցիկության շեմը: Առաջընթաց է արձանագրվել նաև ոստիկանության կայքում, կայքը վերակառուցվել է, բովանդակային բարելավում է տեղի ունեցել: Ամենավատ վիճակում  ՀՌԱՀ-ի կայքն է, քանի որ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, որը պետք է ակնկալել այդ կայքից, բացակայում է: Չկան մրցույթների մասին տեղեկատվություններ և այլն: Անգամ առաջատար կայքերի մոտ լուրջ բացթողումներ են արձանագրվել. Տարաքածքային կառավարման նախարարության մոտ տարեկան բյուջեի վերաբերյալ հաշվետվությունն է բացակայում, չկան մրցույթների մասին տեղեկություններ:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ Սյունիքի մարզպետարանի կայքը ամեն անգամ բարելավում է իր բովանդակությունը, առաջընթաց է ունեցել Լոռիի մարզպետարանը:

Ըստ նրա` որակական առումով աչքի են ընկնում դատախազության կայքը, բարելավվել է նաև ԱԺ կայքը: Մինչդեռ ամենաթույլը նախագահի կայքն է:

http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/75435

Share