«Tert.am», 3.12.2012

Ընտրական շրջանում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ավելանում են. ԽԱՊԿ

Սովորաբար, ընտրական շրջանում, երբ քաղաքական իրավիճակը մի փոքր սրվում է՝ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ավելանում են: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Ընտրություններն իսկապես փորձություն են լինում լրատվամիջոցների համար և շատ կարևոր է, որ մեր լրատվամիջոցները կարողանան դիմակայել դրան, կատարեն իրենց առաքելությունը, չնայած անցած խորհրդարանական ընտրությունների (2012 թ., մայիսի 6-Tert.am) ժամանակ միջադեպերը շատ ավելի քիչ էին, քան նախորդ` 2007, 2008 թվականների ընտրությունների»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ ԽԱՊԿ նախագահի, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի շատ են լինում խոչընդոտները լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ, քան օրինակ, ՏԻՄ ընտրությունների. «Այն ընտրությունները, որ ավելի շատ ազդեցություն են ունենում հասարակական-քաղաքական կյանքի վրա, ավելի թեժացնում են քաղաքական իրավիճակը, ավելի են դժվարացնում լրագրողների աշխատանքը: Տեսնենք` ինչ կլինի նախագահական ընտրությունների ժամանակ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ ԽԱՊԿ տվյալների` 2008 թվականի ընտրությունների ժամանակ շատ-շատ էին խախտումները` ընդ որում ֆիզիկական բռնությունների քանակն էլ էր շատ: Տարեցտարի ֆիզիկական բռնությունների քանակը նվազում է, ավելանում են դատական հայցերը:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, ընտրությունների շրջանում «քաղաքական գործիչներն ավելի զգայուն են դառնում» և հաճախ ուղղակի քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք և զրպարտանք. «Շատերն ուղղակի ցանկանում են լրատվամիջոցի հետ հաշիվները մաքրել, բայց լրագրողները պետք է դիմակայեն և շարունակեն իրենց աշխատանքը»:

ԽԱՊԿ փաստաբան Օլգա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները բազմաթիվ են լինում: «Լրագրողները, երբ իրենց աշխատանքի ընթացքում հանդիպում են խոչընդոտների, պետք է դիմեն իրավապահ մարմիններին, և հասկանան, որ իրենք ընտրել են շատ ռիսկային մասնագիտություն, կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց Օլգա Սաֆարյանը:

Փաստաբանը, Tert.am-ի հետ զրույցում, հույս հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն ավելի թափանցիկ և, վերջիվերջո, կգործի օրենքը, և լրագրողը պաշտպանված կլինի օրենքի ուժով` կա՛մ չի խոչընդոտվի նրա աշխատանքը, կա՛մ այդ խոչընդոտները հնարավորին չափ կնվազեն:

http://www.tert.am/am/news/2012/12/03/ashot-meliqyan-lratvamijoc/

Share