«Media.am», 29.01.2013 թ.

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերը նվազել են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հրապարակել է Հայաստանում լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ լրագրողների իրավունքների խախտումների մեծ մասը կատարվել է ընտրությունների շրջանում:

«Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների, հատկապես` ընտրությունների ընթացքում ձեւավորվող լարվածության մթնոլորտում ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող խախտումները, սակայն նախորդ տարիների ընտրությունները ներառող ժամանակաշրջանների համեմատ` 2012 թվականին իրավիճակն ավելի մեղմ էր»,- ասվում է զեկույցում:

2012 թվականին 2011-ի համեմատ 1-ով նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը, 12-ով` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների փաստերը:

Մինչդեռ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են 16-ով. արձանագրած 23 միջադեպից 9-ը տեղի է ունեցել Ազգային ժողովի եւ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակաշրջանում:

2012 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 4 նոր դեպք է արձանագրվել (ինչը 1-ով պակաս է 2011 թ. համեմատ). դրանցից  3-ը՝ խորհրդարանական ընտրությունների օրը` մայիսի 6-ին եւ նախօրեին, եւ 1 դեպք՝ ՏԻՄ ընտրությունների օրը` սեպտեմբերի 9-ին։

2012 թվականին ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը, 2011 թվականի համեմատությամբ նվազել է: ԽԱՊԿ-ը գտնում է, որ դա պայմանավորված է նրանով, որ լրատվամիջոցների ներգրավվածությամբ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը պակասել են:

Կոմիտեն 2012 թվականին արձանագրել է նաեւ ճնշումների 37 դեպք, դրանցից 16-ը լրատվամիջոցների դեմ դատական գործ է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, մինչդեռ 2011 թվականին արձանագրվել էր 49 միջադեպ, որից 36-ը դատական հայց էր։

2012 թվականին արձանագրվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակի մեծ աճ:

«Եթե 2011-ին այդ ցուցանիշը 7 էր, ապա  2012-ին` 23. դրանցից 4 միջադեպ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրությունների օրը, 4-ը` սեպտեմբերի ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում, իսկ 1-ը` դեկտեմբերի 2-ին` ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների օրը»,- գրված է զեկույցում:

Աննա Բարսեղյան

http://media.am/khosq-annual-report-2012

Share