«Lragir.am», 29.01.2013 թ.

Աշոտ Մելիքյան.«Աճել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ ճնշումները»

«Ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումներն ավելանում են»,- ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. առաջին եռամսյակի զեկույցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Խոսքի ազատություն պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Եթե նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների դեմ դատական գործերի քանակը նվազել էր, ապա այս տարվա առաջին եռամսյակում լրատվամիջոցների ներգրավվածությամբ արդեն իսկ արձանագրվել է 6 դատական գործ:

2013թ. առաջին եռամսյակում նկատելիորեն աճել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, արձանագրվել է 13 միջադեպ:

2012թ. նույն ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ոչ մի դեպք չէր գրանցվել։ Կազմակերպությունը նախորդ տարի արձանագրել էր ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների տարաբնույթ դրսևորումների 6, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 5 դեպք:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այս եռամսյակում կիրառվել է նաև մի հոդված, որը վաղուց չէր կիրառվել։ Խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, իսկ տվյալ գործը վերաբերել է լրագրող Գագիկ Շամշյանի գործունեությանը խոչընդոտելուն, անձը ոչ միայն խոչընդոտել էր լրագրողի գործունեությունը այլ նաև սպառնալիքներ և հայհոյանքներ էր ուղղել լրագրողի հասցեին:

Փետրվարի 18-ին նախագահի ընտրությունների օրը արձանագրվել է 5 միջադեպ, որոնցից 2-ը եղել են ֆիզիկական բռնություն լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում: Աշոտ Մելիքյանի խոսքով, թեև այս տարի կտրուկ աճել է լրագրողների և լրատվամիջոցների դեմ ճնշումները, այդուհանդերձ, համեմատելով 2008թ.-ի ընտրությունների հետ, այս տարի լրագրողները և լրատվամիջոցները շատ ավելի բարենպաստ պայմաններում են աշխատել։ 2008թ.-ի ընտրություններին մի քանի անգամ ավելի շատ են եղել, թե՛ բռնությունները և թե՛ ճնշումները:

«Հայաստանում այդպիսի դեպք չի եղել, որ ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ իրավախախտումների դեպքեր չլինեն»,- ցավով ընդգծեց Մելիքյանն ու հավելեց, որ ուշի ուշով հետևելու են առաջիկա ավագանու ընտրությունների ընթացքին:

http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/81996

 

Share