Ընտրական կրքերը, լրագրողներն ու մեկօրյա «լրագրողները»

Երեւանի ավագանու ընտրություններն անցան լրագրողների համար լարված մթնոլորտնում։ Եթե համեմատենք սրան նախորդած՝ 2012-2013 թթ. կայացած խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունների հետ, թերեւս, կարող ենք նկատել, որ ի տարբերության դրանց՝ այս անգամ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր տեղի չունեցան։ Սակայն տարբեր լիազորություններով ընտրական գործընթացում ներգրավված կամ ընտրատեղամասերում հայտնված տարաբնույթ շահեր հետապնդող անձինք ստեղծեցին այնպիսի իրավիճակներ, որ մի կողմից հերթական անգամ ակնհայտ դարձավ լրագրողների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը, մյուս կողմից էլ տարբեր քաղաքական ուժեր եւ որոշ դեպքերում հասարակական կազմակերպություններ, իրենց ենթակա ԶԼՄ-ների միջոցով, լրագրողի կարգավիճակը հարմարեցրին սեփական նպատակներին՝ իրենց ակտիվիստներին որպես «լրագրող» ներկայացնելով։ Իսկ արդյունքում հաճախ կրկնակի լարվածության մեջ հայտնվեցին իրական լրագրողները։ Չհաշված, որ վերջիններս բավական հեշտությամբ բացահայտում էին մեկօրյա «լրագրողներին»՝ նրանց ոչ ադեկվատ պահվածքով։

Այս առումով հիշատակելի է 8/06 ընտրատեղամասում «1in.am»-ի լրագրող Արմինե Ավետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վկայական ներկայացրած Հրաչյա Մկրտչյանը (ով իր պատրաստած հաղորդումներն անձնական գաղտնիք է համարել) նախահարձակ է եղել ու կոպտորեն պահանջել գրանցվել ընտրատեղամասային գրանցամատյանում՝ «մոռանալով», որ լրագրողը որեւէ մեկին նման պահանջ ներկայացնելու իրավասություն չունի։ Արմինե Ավետյանը, իհարկե, գրանցվելուց հետո է իրականացրել իր մասնագիտական գործունեությունը, բայց միջադեպից ընկճված՝ ստիպված է եղել ավելի շուտ հեռանալ նշված ընտրատեղամասից, քան նախատեսել էր։ Ավաղ, սա կեղծ լրագրողների ագրեսիվ պահվածքի միակ դեպքը չէ։

Է՛լ ավելի նողկալի էր այն անձանց պահվածքը, ովքեր, գտնվելով ընտրատեղամասերում եւ մերձակա տարածքում, աջ ու ձախ կոպտում էին լրագրողներին, սպառնալիքներ հնչեցնում՝ հոգեբանական լարվածություն կամ տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելով նրանց համար։ Այսպես՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանը, կաշառք բաժանելու մասին ահազանգին արձագանքելով, գնում է թիվ 2/3 ընտրատեղամաս, տարածքում խմբված ինչ-որ երիտասարդներ, տեսախցիկը տեսնելով, անմիջապես շրջվում են մեջքով, հետո լսելով մի անձից իրենց ուղղված հրահանգը, թե՝ «հելեք վերեւ, չե՞ք տեսնում կամերան», հեռանում են։ Նրանցից մեկը, ձեռքի հեռախոսը պարզելով, լրագրողին սպառնում է՝ ասելով. «Ինձ մի նկարի, թե չէ սա կտամ գլխիդ»։ Իսկ թիվ 1/09 եւ 1/10 ընտրատեղամասերի հարակից շենքի բակում ինչ-որ ցուցակ թաքցնող մի կին նույն լրագրողին սպառնալից խոսքեր է ուղղում՝ բղավելով.  «Շատ համը հանեցիք արդեն, հա: Ինչի եք ստիպում, որ կոտրեմ ձեր ապարատը»:

Ինչ-ինչ անձինք չլուսանկարելու եւ չտեսագրելու, սպառնալիքներով ուղեկցված, պահանջներ են ներկայացրել նաեւ «1in.am»-ի լրագրող Սիրանույշ Պապյանին, «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Մի դեպքում տարածքը հսկող ոստիկանները որեւէ կերպ չեն կարգավորել իրավիճակը, իսկ մյուս դեպքում կանխել են միջադեպի սուր զարգացումը։ Եղել է նաեւ դեպք, երբ ոչ թե պատահական անձինք, այլ քաղաքական ուժ ներկայացնող վստահված անձն է փակել լրագրողի տեսախցիկը եւ այն մի կողմ հրել։ Այս միջադեպը տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանի հետ՝ 8/08 ընտրատեղամասում։ Ի դեպ, այստեղ մեծ արձագանք ստացավ եւս մեկ փաստ։ Մի խումբ ՀՀԿ-ականներ, ներխուժելով նշված ընտրատեղամաս, «Asparez.am» կայքի եւ «Գյումրի-Ասպարեզ» թերթի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից պահանջել են դուրս գալ տեղամասից, սպառնացել, թե «գլուխը կջարդեն», իսկ հետո անհետացել է վերջինիս տեսախցիկի լիցքավորման սարքը։  Գտնվելուց հետո՝ սարքը հանձնվել է ոստիկանություն՝ պարզելու, թե ով էր գողացողը։

Այսպիսով՝ եւս մեկ անգամ հաստատվեց, որ ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ անհանդուրժողականությունը հասնում է առավելագույն նիշի՝ միմյանց միախառնված քաղաքական ու անձնական շահերը հանրության աչքից հեռու պահելու մտայնությամբ։ Մյուս կողմից լրագրողները հիմնականում, կարծես, «իմունիտետ» են ձեռք բերել տարաբնույթ ճնշումների նկատմամբ եւ դրանք հաղթահարելով` այս ընտրություններին եւս կատարեցին իրենց առաքելությունը։

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

,