Վերաքննիչ դատարանը խնդրահարույց որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 26-ին մերժեց «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ նույնանուն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի բողոքը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 22-ին կայացրած վճռի այն մասի վերաբերյալ, որով հեռուստաընկերությունը եւ նրա տնօրենը պարտավորվել են վճարելու հայցվոր «Իջեւանի ՃՇՇ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի կատարած դատական ծախսերի մի մասը, թեեւ հայցը նույն վճռի առաջին կետով մերժվել էր։

«Դատական ա՞կտ, թե՞ գլուխկոտրուկ» հոդվածով արդեն անդրադարձել ենք դատարանի կայացրած այս վճռի հակասականությանը (տե՛ս www.khosq.am կայքի «Հոդվածներ» բաժնում)։ Ի դեպ, Տեղեկատվական վեճերի խորհուրդը եւս կարծիք էր հայտնել դատական այս գործի վերաբերյալ՝ նշելով, որ եթե ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճիռը դառնա տարածված պրակտիկա, ապա նույնիսկ դատական գործը շահելու դեպքում պատասխանող կողմ դարձած ԶԼՄ-ները կարող են պարտադրված լինել վճարելու խոշոր փոխհատուցումներ, ինչի արդյունքում «առ ոչինչ է դառնում դատական պաշտպանության իրավունքի իմաստը եւ լրջորեն վտանգվում ազատ խոսքը»։

Թերեւս կարելի էր հուսալ, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ողջամիտ հանգուցալուծում կտա արդեն երկու տարի ձգձգված այս գործընթացին, բայց ավաղ…

Նշենք, որ Նաիրա Խաչիկյանի խնդրանքով՝ ՀՀ վերաքննիչ դատարանում նրա շահերը ներկայացնում էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

Որպես վերաքննիչ բողոքի հիմնավորում՝ հղում էր կատարված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի առաջին կետի դրույթներին, ըստ որոնց՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձերի միջեւ բաշխվում են ոչ թե մերժված, այլ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։ Միաժամանակ վկայակոչված էր ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Իսկ ՀՀ որեւէ օրենքով սահմանված չէ, որ մերժված հայցապահանջի դեպքում պատասխանող կողմը պարտավորվում է հատուցելու հայցվորի կատարած դատական ծախսերը՝ թեկուզ մասամբ։

Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է՝ հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թ. ապրիլի 27-ին Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով կայացրած որոշմանը, եւ բողոքաբերների փաստարկներն ու հիմնավորումները գնահատել է դրանում արտահայտված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին վերաբերող դիրքորոշումների համատեքստում։ Նկատենք, որ Վերաքննիչ դատարանի կայացրած ակտում միաժամանակ առկա է հիշեցում այն մասին, որ դատական այս ատյանը բողոքը քննում է դրանում նշված հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում միայն։ Մինչդեռ, փաստորեն, մերժման պատճառաբանություններն արված են այլ հիմքով։

Օլգա Սաֆարյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կատարած հղումը տեղին չէ, քանի որ բողոքով վիճարկված չէ 1087.1 հոդվածի կիրառությունը, բացի այդ՝ Վճռաբեկի որոշումը կայացվել է մի գործով, որի փաստական հանգամանքներն այլ են եղել, եւ այդ դատական ատյանը տեսակետ չի հայտնել, թե հայցի մերժման դեպքում պատասխանողը պարտավորվում է դատական ծախսերի փոխհատուցում վճարելու։ Այս ամենով հանդերձ, իրավաբանի դիտարկմամբ, Վերաքննիչ դատարանը բողոքում վկայակոչված հոդվածներին առհասարակ չի անդրադարձել։

Տպավորությունն այն է, որ Վերաքննիչ դատարանը ոչ թե բողոքը քննել է ըստ էության, այլ պարզապես կրկնել է ընդհանուր իրավասության դատարանի մոտեցումը՝ իր կատարած հղումով, կարծես,  հիմք նախապատրաստելով վերադաս ատյանի կողմից նույնպես մերժում ստանալու։ Չնայած սրան՝ բողոքաբերները, ի դեմս «Իջեւան ստուդիա» ՀԸ-ի տնօրենի եւ ԽԱՊԿ-ի իրավաբանի, Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկության կարգով։

Ի դեպ, ինչպես հայտնեց Օլգա Սաֆարյանը՝ որոշման հրապարակման օրը դատական ակտը սահմանված ժամին ըստ պատշաճի չհրապարակվեց, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջի խախտում է։ Դատական ակտը կողմին հանձնվեց դատարանի միջանցքում։ Սա, կարծես, սովորույթ է դարձել մեր դատարանների համար։ Հիշեցնենք, որ նույնը տեղի ունեցավ նաեւ ԽԱՊԿ-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի դատավարության ընթացքում (տե՛ս www.khosq.am կայքի «Հոդվածներ», «ԽԱՊԿ-ի դատական գործերը» բաժիններում)։

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

Share

, ,