«Report.am», 17.07.2013 թ.

Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումներն ավելացել են

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է կոմիտեի՝ 2013 թ. ապրիլ-հունիս եռամսյակային զեկույցը:

2013 թվականի երկրորդ եռամսյակը ներառում էր Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք առնչվում էին լրատվամիջոցներին եւ լրագրողներին:

ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է  ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Երեւանի ավագանու ընտրություններն այս առումով բացառություն չեն եղել։ Հենց այդ օրը՝ մայիսի 5-ին, արձանագրվել է 8 ճնշում, իսկ  քարոզարշավի ընթացքում՝ 1 ֆիզիկական բռնության փաստ:

ԶԼՄ-ների գործունեության տնտեսական միջավայրի առնչությամբ ուշադրության է արժանի “Հրապարակ” եւ “Ժողովուրդ” թերթերի գլխավոր խմբագիրների հայտնած մտահոգությունը՝ 2012 թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ի ընդունած “Շրջանառության հարկի մասին” օրենքի առնչությամբ։ Նրանց գնահատմամբ՝ նոր պահանջները նոր ֆինանսական խնդիրներ են առաջացնում առանց այն էլ ծանր պայմաններում աշխատող տպագիր ԶԼՄ-ների համար:

2013 թ. երկրորդ եռամսյակում արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4  դեպք, ինչը մեկով ավելի է՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասավ 21-ի (սա 11-ով ավելի է՝ անցած տարվա նույն եռամսյակի համեմատությամբ)։ Լրագրողների գործունեության այս խմբի միջադեպերից 8-ը տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, իսկ 7-ը վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով նոր դատական գործեր են՝ ԶԼՄ-ների դեմ (այդ թվում նաեւ` որպես երրորդ անձ), մյուս 6-ն այլ բնույթի ճնշումներ են։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է 3 դեպք, ինչը յոթով պակաս է` 2012 թ. երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

Այսպիսով` 2013 թ. երկրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ նկատելիորեն ավելացել են լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

http://www.report.am/news/society/lratvamijocneri-iravaxaxtumner.html

Share