«Aravot.am», 17.07.2013 թ.

Աշոտ Մելիքյան. «Լրագրողների նկատմամբ ճնշումների աճ է գրանցվել» 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Զեկույցի համաձայն` այս տարվա երկրորդ եռամսյակը ներառում է Երեւանի ավագանու ընտրությունները, ուստի ԶԼՄ-ների գործունեության վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով`ուշադրության կենտրոնում էին քարոզարշավի, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք առնչվում էին լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Մելիքյանի տեղեկացմամբ` «Զեկույցում առանձնացվել են ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ ճնշումները, խախտումները: Ֆիզիկական բռնությունների առումով՝ այս եռամսյակում բռնություններն ավելի շատ են եղել, քան նախորդ տարի էր: Նույնը կարելի է ասել ճնշումների մասին. 21 նմանատիպ դեպք է արձանագրվել, որոնցից 8-ը` ընտրությունների ժամանակ է եղել, իսկ քարոզարշավի ընթացքում 1 ֆիզիկական բռնության փաստ է արձանագրվել: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ ճնշումների աճ է գրանցվել»: Ավելացնենք, որ ըստ զեկույցի՝ արձանագրվել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների երեք դեպք: Խոսելով գրագողության, առցանց լրատվամիջոցներից նյութերն առանց հղման վերցնելու մասին, որոնք շատերը համարում են խոսքի ազատություն, Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրությունը գնալով իր մակարդակն իջեցնում է, ու սիրողական մակարդակի դառնում, մանավանդ` սոցիալական ցանցերի առկայության պարագայում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

http://www.aravot.am/2013/07/17/266799/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Share