Վտանգավոր նախադեպ. դատը շահած լրատվամիջոցը կվճարի դատական ծախսերը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրեց «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ նույն հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի ներկայացուցչի բողոքը` ՀՀ վերաքննիչ դատարանի հունիսի 26-ի որոշման վերաբերյալ, որն առնչվում է «Իջեւանի ՃՇՇ» ճանապարհաշինական ընկերության հետ դատական վեճին: Այսպիսով` երկու տարուց ավելի ձգձգված այս գործով օրինական ուժ է ստանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 22-ի վճիռը, որը լուրջ հակասություն է պարունակում:

«Դատական ա՞կտ, թե՞ գլուխկոտրուկ» եւ «Վերաքննիչ դատարանը խնդրահարույց որոշում  է կայացրել» հոդվածներով արդեն անդրադարձել ենք երկու դատական ատյանների կայացրած խնդրահարույց ակտերին (տե՛ս www.khosq.am կայքի «Հոդվածներ» բաժնում)։ Փաստորեն, Վճռաբեկ դատարանն էլ իր մոտեցմամբ առավել մեծ տարակույսի առիթ տվեց։ Ստացվում է, որ միանգամայն օրինաչափ է, երբ դատարանը վճռում է հայցը մերժել, բայց միաժամանակ պատասխանող կողմին է պարտավորեցնում վճարելու հայցվորի կատարած դատական ծախսերը։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձերի միջեւ բաշխվում են բավարարվածհայցապահանջների չափին համամասնորեն։

Հիշեցնենք, որ այս տարի շարունակված դատավարական գործընթացներում, Նաիրա Խաչիկյանի խնդրանքով, ՀՀ վերաքննիչ դատարանում նրա եւ հեռուստաընկերության շահերը ներկայացնում էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը։ Վերջինիս ներկայացրած բողոքները հիմնավորված էին օրենսդրության հենց վերը նշված հոդվածի պահանջներով։ Սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացրել է՝ անտեսելով հիշատակված իրավական նորմը եւ հղում կատարելով նույն օրենսգրքի այլ հոդվածների։

Օլգա Սաֆարյանի խոսքով՝ նախադեպային կլիներ, եթե Վճռաբեկ դատարանը վարույթ ընդուներ այս գործով ներկայացված բողոքը, քններ այն եւ իր մեկնաբանությունները տար նմանատիպ իրավիճակներում դատարանների կողմից միատեսակ մոտեցում ձեւավորելու հարցում։ Փաստաբանական փորձը ցույց է տվել, որ դատական այս ատյանը, ստանդարտ մոտեցմամբ, պարզապես վերադարձնում է բողոքներն առանց քննելու։ Արդյունքում օրինական ուժ են ստանում միանգամայն անտրամաբանական հիմնավորմամբ կայացված դատական ակտերը։

Աննա ԱԼՈՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ

 

Share

,