«Առավոտ», 8.11.2013 թ.

Աշոտ Մելիքյան. «Լավ կլինի, որ մեր քաղաքական վերնախավը գոնե այս հարցում չհետևի ՌԴ օրինակին»

«Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխություններ կատարել ՌԴ «ԶԼՄ մասին» օրենքում, որը հնարավորություն կտա բոլոր ԶԼՄ-ներին համախմբել մեկ ընդհանուր ինքնակարգավորվող մեդիա կազմակերպության մեջ: Պատգամավորները կարծում են, որ այդպիսով հնարավոր կլինի երկրում ստեղծել մեկ համազգային ինքնակարգավորվող մեդիա կազմակերպություն և այն այդպես բուրգային սկզբունքով կղեկավարի բոլոր ԶԼՄ-ներին: Նախաձեռնության հեղինակները նաեւ կարծում են, որ մուտքը այդ կազմակերպություն պետք է լինի վճարովի և կազմի 300 հազար ռուբլի: Ըստ նրանց    ՝ այդ կազմակերպությունը պետք է ղեկավարեն անկախ փորձագետները, ուստի «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածագիրն այս առիթով մտահոգություն է հայտնում, թե գուցե այդ դեպքում հանկարծ վերոնշյալ խորհրդում հայտնվի, ասենք, «արտասահմանցի լրտես»: Aravot.am-ի հետ զրույցում «Խոսքի ազատության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն այս նախաձեռնության մասին ասաց հետևյալը. «Կարծում եմ՝ այդ նախաձեռնության հեղինակները պատկերացում էլ չունեն, թե ինչ է ԶԼՄ ինքնակարգավորումը, քանի որ այդ գործընթացը հենց լրագրողական համայնքի գործն է, և այստեղ պետությունն անելիք չունի: Եթե պետությունն օրենքով ուզում է ինչ-որ բան նախատեսել, կարող է զուտ ԶԼՄ-ները կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություն մտցնել, բայց ինքնակարգավորումը պիտի թողնի լրագրողներին: Այստեղ չպիտի լինի պարտադրանք պետության կողմից, իսկ եթե կա, դա անթույլատրելի է»: Անդամավճարի մասին առաջարկությանը Աշոտ Մելիքյանն այսպես արձագանքեց. «Դա նույնպես պիտի որոշի լրագրողական համայնքը, մանավանդ, եթե անդամավճարները շատ մեծ են ստացվում, որը ամեն լրատվամիջոց չէ, որ կկարողանա վճարել»: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ ամենալուրջ խնդիրն այն է, որ ինքնակարգավորման գործընթացում պետությունը, մանավանդ օրենսդրորեն պարտավորեցնելով` այդպիսի գործառույթ չունի: Նա նկատում է. «ՌԴ-ն լուրջ խնդիրներ ունի խոսքի ազատության հետ կապված ու սա նշանակում է, որ նույնիսկ ինքնակարգավորման գործում լրագրողները ինքնուրույնություն չեն ունենա և ստիպված են լինելու ենթարկվել պետության պահանջին»: Հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ի՝ Եվրասիական միությանը անդամակցելու պարագայում վտանգ տեսնո՞ւմ է, որ մի օր էլ մեր լրագրողական համայնքին նման բան պարտադրեն, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Մեր քաղաքական վերնախավը հետևում է, թե ինչ է անում ՌԴ-ն և շատ հարցերում ուղղակի copy paste անում դրանք: Ընդհանուր միջավայրը կարող է նաև ազդել մեր քաղաքական վերնախավի որոշումների վրա, այդ վտանգը կա: Մյուս կողմից պիտի ընդունենք, որ խոսքի ազատության առումով մեր վիճակը շատ ավելի բարվոք է, քան ՌԴ-ինը, այստեղ ՌԴ-ն մեզնից սովորելու բան ունի, և լավ կլինի, որ մեր քաղաքական վերնախավը գոնե այս հարցում չհետևի ՌԴ օրինակին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/08/403732/

Share