Մամլո հաղորդագրություն

2013 թվականի մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:

Սա  տրամաբանական շարունակությունն է վերջին երեք տարիներին ԽԱՊԿ-ի իրականացրած նմանատիպ գործունեության: Սակայն, ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականցվում է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա, որը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը եւ տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայաստանում կիրառելու համար: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:

Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափորոշիչով, որոնցից 131-ը բովանդակային են, իսկ 21-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը։ Դրա նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշային աղյուսակը:

Ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ»  միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:

Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը՝ առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր եւ այլ պետական մարմիններ) եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ: Վերը նշված երրորդ խմբի համար վարկանիշային աղյուսակ կազմված չէ, քանի որ այդ մարմինների գործառույթները, դերը, ինչպես եւ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են, հետեւաբար մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալներն էլ համադրելի չեն: Այս դեպքում տեղեկատվական թափանցիկության ցուցանիշները ներկայացվում են ըստ այդ մարմինների՝ ՀՀ Սահմանադրությամբ հաստատված աստիճանակարգության (հիերարխիայի):

Կարդալ ավելին

Share